Ծաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա Պատարագը

Հոկտեմբերի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Թեկղի, Վարվառա և Պեղագեա կույսերի հիշատակության տոնը։

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս Սուրբ Վարվառա կույսի սուրբ մասունքը բերվեց Ծաղկեվանք։
Օրվա առիթով Սուրբ և Անմահ Պատարագը մատուցվեց Սուրբ Վարվառա կույսի քարայրում։ Պատարագիչն էր հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։

Սուրբ Պատարագին Տեր Հայրն իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ներկայացրեց Սրբուհիների կյանքը, նրանց անսասան հավատքն ու Աստծուն նվիրվածությունը։

Խոսելով Սրբուհիների կյանքի օրինակի մասին, ընդգծեց, որ քրիստոնյայի կոչումն է ոչ միայն եկեղեցում և աղոթքի պահին, այլև իր առօրյա ու աշխարհիկ կյանքի բոլոր հանգամանքներում հավատարիմ մնալ Աստծուն։ Սրբուհիների կյանքը մեզ հիշեցնում է, որ հավատքը միայն խոսք չէ, այլ ապրելու ճանապարհ, ներքին ամրություն և Աստծո կամքին վստահելու պատրաստակամություն։

Տեր Հայրը պատգամեց հավատացյալներին իրենց կյանքի դժվարությունների, փորձությունների և առօրյա հոգսերի մեջ չհեռանալ Աստծուց, չկորցնել աղոթքի սովորությունը և մշտապես ապավինել Տիրոջ ողորմությանը։ Նա պատգամեց սրբերի կյանքը չդիտարկել միայն որպես անցյալի պատմություն, այլ նրանց հավատքն ու նվիրումը դարձնել սեփական կյանքի օրինակ և առաջնորդող ուղի։

Ընդգծելով աղոթքի կարևորությունը՝ հորդորեց այս դժվարին ու փորձություններով լի օրերին առավել ջերմեռանդորեն աղոթել մեր հայրենիքի, հայ ժողովրդի, Սուրբ Եկեղեցու, հոգևորականների և բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն Աստծո զորության ու մխիթարության։

Սրբուհիների բարեխոսությամբ թող Տերը զորացնի մեր ժողովրդի հավատքը, ամուր պահի Սուրբ Եկեղեցին, խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և իր օրհնության ներքո պահի ամենքին։
Share This