Գյումրու փողոցային առևտրի «պատասխանատուն» կրկին ՔՊ-ն է․ համայնքապետարանը պատասխանատվությունը բարդում է ուրիշի վրա
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բարձրաձայնում է քաղաքում տիրող ապօրինի փողոցային առևտրի մասին: Հաջորդ օրը համայնքապետարանն իբր «անցնում է գործի»։
Առաջին հայացքից օրինականության վերականգնման նորմալ գործընթաց է, բայց դա միայն առաջին հայացքից։
Իրականում ի՞նչ է տեղի ունենում․ համայնքապետարանի աշխատակիցները մոտենում են առևտրականներին ու լվանում իրենց ձեռքերը՝ ասելով․ «Մենք կապ չունենք, ՔՊ-ի ցուցումով ենք եկել»։
Սա նոր ձեռագիր չէ։ Դեռ ավագանու անդամ եղած ժամանակ անձամբ եմ բախվել այս գավառական գործելաոճին: Երբ որևէ ապօրինություն վերացնելու պահանջով գրություն էի ուղարկում, քաղաքային իշխանությունն օրենքով իր պարտականությունները կատարելու փոխարեն, գնում ու բնակիչների մոտ արդարանում էր․ «Դե մենք մեղք չունենք, ՔՊ-ն է պահանջում»։
Քաղաքն ուղղակի անտերության է մատնված, իսկ դուք ունակ չեք լուծելու անգամ տարրական հարցեր, առավել ևս՝ ունակ չեք ստանձնելու քաղաքական պատասխանատվություն։
Ձեր միակ «տաղանդը» սեփական անգործությունն ու վախկոտությունը ուրիշի վրա բարդելն է։
