Պրոբացիայի ծառայության պաշտոնյաները և Ջրվեժի համայնքապետի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու և լիազորությունները չարաշահելու մեջ
Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու և ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնյան 2025 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, պարտավորված լինելով պատժի կատարման ընթացքում ամսվա մեջ առնվազն 1 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ այցելել քաղաքացու հանրային աշխատանքների կատարման վայր, վերահսկել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը, չի իրականացրել այն ու դրա վերաբերյալ նույն մարմնի երկու գլխավոր ծառայողների հետ նախնական համաձայնությամբ կազմել են կեղծ արձանագրություններ:
