Պաշտոնական տվյալները հերքում են Hraparak.am-ի պնդումները․ 7743 ընտանիք արդեն բնակապահովման հավաստագիր է ստացել.Կոստանյան

Hraparak.am-ը հերթական հոդվածով փորձում է խեղաթյուրել իրականությունը՝ պնդելով, թե Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրն իբր դարձել է անիրագործելի։ Մինչդեռ պաշտոնական տվյալները ներկայացնում են իրավիճակի էապես այլ պատկեր։

 

Այսպես, օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել 7743 ընտանիք (31,845 անձ), որից 7147 ընտանիք (29,921 անձ)՝ ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։

 

Հավաստագրերի իրացման գործընթացը ևս ակտիվ շարունակվում է․ հավաստագիրն իրացրել է 4146 ընտանիք (19,098 անձ), որից 3853-ը (18,134 անձ)` ձեռքբերման բաղադրիչով, 62-ը (304 անձ)` կառուցապատման բաղադրիչով, 231-ը (660 անձ)` գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։

 

Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝ Վայոց Ձոր – 63, Տավուշ – 87, Արագածոտն – 135, Շիրակ – 147, Գեղարքունիք – 158, Սյունիք – 228, Լոռի – 368, Երևան – 450, Արարատ – 531, Արմավիր – 667, Կոտայք – 1081։

 

ԶԼՄ-ին կոչ եմ անում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրին անդրադարձ կատարելիս հիմնվել բացառապես թվային տվյալների և փաստական հիմքերի վրա։

Share This