Արտակարգ միջադեպ Գյումրիում. կրակոցների ու դանակահարության գործով կան բերման ենթարկվածներ

Այսօր Գյումրիի սրտում՝ Սայաթ-Նովա փողոցում, արտակարգ ու ծայրահեղ լարված իրավիճակ է ստեղծվել, ինչը ստիպում է մտածել, որ կրկին վերադառնում ենք մութ ու քրեական 90-ականներ։ Դեպքի վայրից ստացվող տեղեկություններով՝ տեղի է ունեցել թեժ բախում, որն ուղեկցվել է կրակոցներով և դանակահարությամբ։ Կան տուժածներ, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Իրավապահներն արագորեն արձագանքել են միջադեպին, և արդեն կան բերման ենթարկվածներ, որոնց տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին։ Մեր ունեցած ներքին, բայց հավաստի տեղեկություններով՝ այս արյունալի պատմության կիզակետում քաղաքում բավականին հայտնի ու ազդեցիկ անձինք են։ Անմեղության կանխավարկածը չխախտելու և անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոնկրետ ազգանուններ այս պահին չենք հրապարակում, սակայն քաղաքում շատերն արդեն հասկանում են, թե ում մասին է խոսքը։

Թեև իրավապահ համակարգը դեռևս ձեռնպահ է մնում պաշտոնական հաղորդագրություններ տարածելուց, քանի որ ընթանում են հրատապ քննչական գործողություններ, ակնհայտ է, որ գործը հեշտերից չէ։ Կումայրի բաժնում շարունակվում են հարցաքննությունները՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։ Քաղաքում մթնոլորտը շարունակում է մնալ անհանգիստ։

Արամ Դավթյան

Share This