Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ։
Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ Սահմանադրությունը լինի ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև մեր պետական կյանքի անսասան ուղենիշը։
Վերջին օրերի քաղաքական և իրավական գործընթացները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ ժողովրդավարական պետության ամրությունը պայմանավորված է սահմանադրական ինստիտուտների կայուն գործունեությամբ, օրենքի գերակայությամբ և իրավական ընթացակարգերի նկատմամբ հարգանքով։
Սահմանադրության օրը մեզ հիշեցնում է, որ ժողովրդի կամարտահայտությունը, պետական իշխանության լեգիտիմությունը և հասարակական համերաշխությունը պահպանվում են այն ժամանակ, երբ բոլոր քաղաքացիները գործում են Սահմանադրության շրջանակներում՝ հարգելով իրենց ընտրության իրավունքը։
Երբ արդարությունը դառնում է գործելակերպ, պատասխանատվությունը՝ ընտրություն, իսկ օրենքի նկատմամբ հարգանքը՝ մշակույթ, ապա Սահմանադրությունը դառնում է պետության զարգացման իրական հիմքը։
Սահմանադրական արժեքների կենսունակությունը կախված է յուրաքանչյուրիցս։ Դրանք կյանք են ստանում մեր ամենօրյա աշխատանքով, պատասխանատվությամբ և նվիրվածությամբ, որի նպատակը մեր համայնքի, մարզի ու երկրի կայուն զարգացումն է։
Թող այս օրը դառնա նոր պատասխանատվության, փոխադարձ հարգանքի և ազգային միասնության խորհրդանիշ։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն և ուժեղ պետականություն, որտեղ Սահմանադրությունը ծառայում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությանն ու երկրի առաջընթացին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
