Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը
Հուլիսի 4-12-ը Երևանում կանցկացվի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը՝ 9 երկրների մասնակցությամբ, հայտնում են ֆեդերացիայից։ Հայաստանը վերջին տարիներին արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում ՖԻԲԱ-ի այսպիսի խոշոր մրցաշար։
Հավաքականը գլխավորում է ԱՄՆ-ում աշխատող Նարեկ Կապուշյանը, որը Լոս Անջելեսում վերջին տարիներին զգալի հաջողություններ ունի։ Նրա «Թայթնս»-ը հաջող է հանդես գալիս Կալիֆորնիայի դպրոցական առաջնությունում, Կապուշյանը նաև անհատական մարզումներ է անցկացնում ԱԲԱ-ի մի շարք բասկետբոլիստների հետ։
Մրցաշարի համար ընտրվել է 12-յակ՝ 3-ը ԱՄՆ-ից, 3-ը Ռուսաստանից, 6-ը՝ Հայաստանի ակումբներից, ընդլայնված ցուցակում եղել է շուրջ 60 խաղացող։ Խաղերը կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (Մանանդյան 41), մուտքն ազատ է, իսկ վերջին 2 տարում մեր U16-ը դարձել է բրոնզե մեդալակիր։
