Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի

2026 թվականի հուլիսի 1-ից վիզա չունեցող օտարերկրացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար պարտադիր է նախնական գրանցում «RuID» (Պետծառայություններ RuID) համակարգում։ Ուղևորությունից առաջ անհրաժեշտ է ներբեռնել RuID հավելվածը և լրացնել հայտը։

Հայտը պետք է ներկայացնել սահմանը հատելուց առնվազն 72 ժամ, առավելագույնը՝ 90 օր շուտ, իսկ բացառիկ դեպքերում՝ մեկնումից մինչև 4 ժամ առաջ։ Պետք է մուտքագրել անձնագրային տվյալներ, վերբեռնել լուսանկար, նշել այցի նպատակը և նախատեսվող ժամկետները, որոշ դեպքերում կարող է պահանջվել ձայնային նմուշ։

Առցանց գրանցումը չի փոխարինում սահմանային հսկողությանը. անցակետերում կարող են իրականացվել լուսանկարահանում և մատնահետքերի հանձնում։ Կարգավորումը չի վերաբերում Բելառուսի քաղաքացիներին, մինչև 6 տարեկան երեխաներին, վիզայով մեկնողներին ու դիվանագիտական կամ պաշտոնական հատուկ կարգավիճակ ունեցողներին։ Նպատակն է միգրացիոն վերահսկողության թվայնացումը և օտարերկրացու թվային պրոֆիլի ձևավորումը։

Share This