Խտրականության դեմ պայքարը պետք է լինի համակողմանի. Լիաննա Պետրոսյան

Ամբիոն news- ի հարցերին պատասխանում է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը

– Արդեն մեկ տարի է, ինչ գործում է Ձեր կողմից հիմնադրված Արցախցիների աջակցման տեղեկատվական, խորհրդատվական կենտրոնը։ Ի՞նչ մարտահրավերների հանդիպեցիք այդ ընթացքում, և ինչպե՞ս հաղթահարեցիք։

-Կենտրոնի ստեղծումը և թեժ գծի գործարկումն իմ՝ սոցիալական մեդիայում իրականացվող գործունեության տրամաբանական շարունակությունն ու նրա զուգահեռ զարգացումն էր։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ դիմում էին տարբեր հարցերով՝ սկսած սոցիալականից մինչև իրավական խնդիրներ։ Ժամանակի ընթացքում հասկացանք, որ անհրաժեշտ է ստեղծել ավելի համակարգված հարթակ։
2025 թվականի մարտին հիմնադրված կենտրոնը ստեղծվեց նաև՝ ելնելով մի պարզ անհրաժեշտությունից՝ մարդիկ ունեին տեղեկատվության և խորհրդատվության կարիք։ Տեղահանությունից հետո բազմաթիվ ընտանիքներ հայտնվել էին նոր իրավական, սոցիալական և կենցաղային իրողությունների մեջ, և հաճախ չգիտեին, թե ում դիմեն կամ որտեղից ստանան վստահելի տեղեկատվություն։
Անցած 15 ամիսների ընթացքում կենտրոնը դարձել է այն հարթակը, որտեղ մարդիկ դիմում են՝ ոչ միայն պատասխան ստանալու, այլ նաև վստահ լինելով, որ իրենց խնդիրները լսվելու են, և իրենք միայնակ չեն մնալու։
Մարտահրավերները շատ էին։
Առաջին հերթին՝ զանգերի մեծ քանակը։ Կենտրոնի փոքրաթիվ անձնակազմը հաճախ աշխատել է գերծանրաբեռնված պայմաններում։ Եղել են օրեր, երբ ստացել ենք մինչև 700 զանգ։ Այս ընթացքում փաստագրվել է ավելի քան 57 000 (հիսունյոթ հազար) զանգ և ավելի քան 55 000 (հիսունհինգ հազար) նամակ ու հաղորդագրություն։
Մյուս մարտահրավերը օրենսդրական և վարչական դաշտի մշտական փոփոխություններն են։ Մենք ամեն օր ուսումնասիրում ենք տեղահանվածներին վերաբերող նոր որոշումները, օրենքները, կարգավորումները, որպեսզի մարդկանց տրամադրենք ճշգրիտ և արդիական տեղեկատվություն։
Այսօր մեր ունեցած նյութատեխնիկական, մարդկային ռեսուրսներն անգամներով սուղ են, իսկ մեր կողմից իրականացվող աշխատանքներն անգամներով շատ են մեր ունեցած հնարավորություններից, քանի որ հասկանալի պատճառներով, և մեր որդեգրած ռազմավարության ու մոտեցումների արդյունքում, մենք չենք կարողանում ներգրավել այն համապատասխան ֆինանսական միջոցները, որ հնարավորություն կտար՝ Կենտրոնի գործունեության ավելի մեծ պահանջարկն ապահովելու։
Չնայած դժվարություններին՝ կարողանում ենք շարունակել աշխատանքը թիմի նվիրվածության և տեղահանված մեր հայրենակիցների վստահության շնորհիվ։

– Որո՞նք են արցախահայության առջև ծառացած հիմնական խնդիրները։

-Այսօր հիմնական խնդիրները շարունակում են մնալ բնակարանային ապահովումը, զբաղվածությունը, սոցիալական կայունությունը, իրավունքների պաշտպանությունը և հոգեբանական խնդիրների հաղթահարումը։
Հազարավոր ընտանիքներ դեռևս չեն կարող օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից՝ ամենատարբեր պատճառներով։ Շատերը տեղահանությունից հետո կորցրել են իրենց աշխատանքը, դադարեցրել են ձեռնարկատիրական գործունեությունը և փորձում են նոր կյանք սկսել՝ նոր մասնագիտություններով կամ այլ ոլորտներում։
Միաժամանակ, առկա են բազմաթիվ իրավական հարցեր՝ պետական աջակցության ծրագրերի կենսագործման ընթացքում առաջացող խնդիրների՝ փաստաթղթերի վերականգնման հետ կապված։
Հոգեբանական խնդիրները, հատկապես վերջին ժամանակաշրջանում, պայմանավորված են քաղաքական գործընթացներով. Ցավալիորեն ականատես ենք լինում հանրային խոսույթում առկա թիրախավորումներին, պիտակավորումներին ու խտրական վերաբերմունքին։ Ճիշտ է,  դրանք մեկնաբանվում են որպես ոչ ընդհանրական մոտեցումներ, սակայն մեր հայրենակիցներից շատերը դա դիտարկում են որպես անձնական վիրավորանք։
Կա նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ մարդկանց լսելի լինելը։ Տեղահանված արցախահայությունը չպետք է վերածվի միայն սոցիալական աջակցության ստացող խմբի։ Նրանք իրավունքների կրողներ են, և պետք է ներգրավված լինեն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներում։

– Խնդրում եմ խոսեք Ձեր թիմի կատարած աշխատանքի մասին։

– Մեր թիմի աշխատանքը շատ ավելի լայն է, քան պարզապես խորհրդատվությունը։
Այս ընթացքում մենք պատասխանել ենք տասնյակ հազարավոր զանգերի ու հաղորդագրությունների, ուսումնասիրել և վերլուծել հարյուրավոր որոշումներ ու օրենքներ, պատրաստել առաջարկություններ, դիմումներ և պաշտոնական գրություններ։ 2026 թ.հունվար ամսից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար առցանց տարբերակի անցնելուց հետո բոլոր այն հայրենակիցները, ովքեր ունեն ցանկություն լրացնելու առցանց դիմում, կարող են զանգահարել մեր թեժ գծի հեռախոսահամարին, հերթագրվել և ստանալ դիմում լրացնելու անվճար աջակցություն։ Առաջարկությունները, փոփոխությունների նախագծերը մեծամասամբ ընդունվում են պատկան մարմինների կողմից, որոնք պարբերապար ներկայացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարություններին, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, ՀՀ ՄԻՊ֊ ին։ Մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ ՀՀ Կառավարության անդամների, ՏԻՄ ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և հասարակական կառույցների ղեկավարների ու անդամների հետ՝ ներկայացնելով տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները։ Միաժամանակ հարյուրավոր հարցազրույցների միջոցով տեղական և միջազգային լրատվամիջոցներում բարձրաձայնվել են արցախահայության իրավունքներին, սոցիալական խնդիրներին և ապագային վերաբերող հարցերը։ Մեր աշխատանքի կարևորագույն արդյունքը համարում եմ այն, որ հազարավոր մարդիկ գիտեն՝ կա մի կենտրոն, որտեղ իրենց հարցերը չեն անտեսվի։

– Տիկի՛ն Պետրոսյան, մենք անընդհատ տեսնում ենք ատելության խոսքի գեներացում, խտրականության տարբեր դրսևորուﬓեր՝, թե՛ առօրյա կյանքում, և թե՛ սոցիալական ցանցերում։ Ի՞նչ ﬔխանիզﬓերով պետք էպայքարել դրանց դեմ։
– Ցավոք, ինչպես արդեն նշեցի, տեղահանությունից հետո ﬔնք ականատես եղանք նաև խտրականության և ատելության խոսքի տարբեր
դրսևորուﬓերի։ Դրանք ﬖասում են ոչ ﬕայն արցախահայությանը, այլև՝ամբողջ հասարակությանը, քանի որ խորացնում են բաժանարար գծերը։ Ցանկացած հասարակության ուժ ﬔծապես կախված է նրա ներքին համախմբվածությունից, փոխադարձ վստահությունից և
հաﬔրաշխությունից։ Ատելության խոսքը նպաստում է հասարակության բաժանմանը՝ ստեղծելով «ﬔնք» և «նրանք» հակադրությունը։ Այդպիսի ﬕջավայրում մարդիկ սկսում են միմյանց ընկալել ոչ թե որպես նույն հասարակության անդամներ,այլ՝ որպես մրցակից կամ հակառակ կողմ ։Արդյունքում  թուլանում են համագործակցությունը, փոխօգնությունը և
հանրային համախմբվածությունը։ Խտրականության դեմ պայքարը պետք է լինի համակողմանի։ Մարդիկ պետք է ճանաչեն ﬕմյանց պատմությունները, հասկանան, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ գին են վճարել հազարավոր ընտանիքներ։ Երբ մարդիկ իրար ճանաչում են, աշխատում են ﬕասին և լսում են ﬕմյանց
պատմությունները, ատելության խոսքի համար ավելի քիչ տեղ է ﬓում։
Շատ կարևոր է նաև պատասխանատու հանրային խոսքը։ Երբ
քաղաքական գործիչները, պաշտոնյաները, որոշակի լսարան ունեցող
անձինք կամ ԶԼՄ-ներն օգտագործում են պիտակավորող և բաժանարար բառապաշար, դա անﬕջապես արտացոլվում է  հասարակության ﬔջ։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ են արդյունավետ իրավական մեխանիզﬓեր՝ խտրականության դեպքերը արձանագրել և դրանց արձագանքելու համար։

Անաստասիյա Հարությունյան

Share This