«Թել-Սել»-ը նոր հարված է հասցնում քաղաքացիների գրպանին․ միջնորդավճարը դարձել է 500 դրամ
Թե ինչպես ստացվեց, որ Երևանի հասարակական տրանսպորտի ֆինանսական օպերատորը մենաշնորհային դիրքով դարձավ «Թել-Սել» ընկերությունը, մինչ օրս բազմաթիվ հարցերի ու կասկածների տեղիք է տալիս։ Այն, որ այս համակարգի ներդրումից հետո տասնյակ հազարավոր բողոքներ են հնչել, մեղմ ասած՝ ոչինչ չասել է։ Խափանվող վալիդատորներ, անհետացող կամ կորող գումարներ, վարչական տուգանքներ, անվերջ հերթեր և ժամանակի կորուստ. քաղաքացիները գրեթե ամեն օր բախվում են նոր խնդիրների։ Սակայն, կարծես, այս ամենը բավարար չէ։ Այժմ էլ «Թել-Սել»-ը որոշել է բարձրացնել տերմինալների միջոցով իրականացվող ծառայությունների միջնորդավճարը։ Եթե նախկինում 400 դրամ քաղաքացին հավելյալ գումար էր վճարում, ապա այժմ նույն գործողության համար ստիպված է վճարել արդեն 500 դրամ։ Հարց է առաջանում՝ ինչի՞ դիմաց պետք է քաղաքացին ավելի շատ վճարի, եթե ծառայությունների որակը չի բարելավվել, խնդիրները չեն վերացվել, իսկ դժգոհությունները շարունակում են աճել։ Ստացվում է՝ թանկանում է ոչ թե ծառայության որակը, այլ պարզապես քաղաքացիների վրա դրվող ֆինանսական բեռը։
