Արարատի մոտ՝ «Նոյյան տապանի» նոր հետքեր․ գիտնականների աղմկահարույց բացահայտումը

Ամերիկացի հետազոտողները հայտարարել են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող ստորգետնյա երկրաբանական կազմավորման մեջ թունելներ հայտնաբերելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Խոսքը Թուրքիայի Դուրուփինար երկրաբանական կառույցի մասին է, որը գտնվում է Արարատ լեռան մոտ:

«Նոյյան տապանի սկանավորումներ» նախագծի թիմն օգտագործել է գեոռադար՝ կառույցի կառուցվածքն ուսումնասիրելու համար, և հայտնաբերել է ստորգետնյա կարգավորված խոռոչների ցանց: Հետազոտող Էնդրյու Ջոնսի խոսքով՝ հայտնաբերված «միջանցքները» միավորվում են մեծ կենտրոնական տարածության վրա, որն, ըստ նրա, նման է ատրիումի:

Նա հավելել է, որ ինֆրակարմիր ջերմագրության (IRT) կիրառմամբ հետագա ուսումնասիրությունները նույնպես ենթադրել են հողի մեջ խորը թաղված նավի ձև ունեցող կորպուսի առկայություն։

Հողի վերլուծությունը ցույց է տվել կալիումի բարձր մակարդակ, որը կարող է պայմանավորված լինել օրգանական նյութերի, այդ թվում՝ փայտի քայքայմամբ: Դա կարող է վկայել նաև այնտեղ կենդանիների առկայության մասին։ Բացի այդ, գիտնականները նկատել են բուսականության տարբերություններ. կազմավորման ներսում խոտը գույնով տարբերվում է շրջակա տարածքից, ինչը նույնպես համարվում է հողի կազմի փոփոխությունների անուղղակի նշան։

Դուրուփինարի կազմավորումը հայտնաբերվել է 1948 թվականին՝ ուժեղ անձրևներից և երկրաշարժերից հետո: Դրա չափերն ու ձևը մոտավորապես համապատասխանում են Աստվածաշնչյան տեքստերում նշված տապանի պարամետրերին։

Ուսումնասիրության հեղինակները նախատեսում են փորել և օգտագործել տեսախցիկներ՝ անմիջականորեն ուսումնասիրելու ներքին խոռոչները՝ հայտնաբերված օբյեկտների բնույթը պարզաբանելու համար:

«Մենք միակ թիմն ենք, որը կատարում է Նոյյան տապանի իջնելու վայրի առաջադեմ ստորգետնյա սկանավորումներ։ Շուտով մենք ամեն ինչ կցուցադրենք աշխարհին»,- նշված է X հարթակում «Նոյան տապանի սկանավորումներ» նախագծի գրառման մեջ։

Այսպիսով, այն, ինչն անզեն աչքով թվում էր պարզապես հողի և ժայռի կույտ, ամենայն հավանականությամբ, խելացիորեն նախագծված, մարդու կողմից ստեղծված, ձեռակերտ կառույց է։ Այն ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1600 մետր։

Ըստ Աստվածաշնչի՝ հսկայական նավը մարդկությանը և տարբեր տեսակի կենդանիներին փրկել է ոչնչացումից ավելի քան 4300 տարի առաջ տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի ժամանակ։

Share This