«Լայքեր հաշվելը լրագրություն չէ».Հասմիկ Վիրաբյան

Ի հավելում՝ այն մարդկանց, ովքեր իրենց հռչակել են «հետաքննող լրագրող» և զբաղված են այս կամ այն անձի էջերի լայքերն ուսումնասիրելով, ուզում եմ նշել, որ Հայաստանում կա իրական հետաքննող լրագրության օրինակ, և դա «Հետքն» է։ Ինչպես հասկանում եմ, տվյալ անձը երբևէ այնտեղ չի աշխատել և որպես լրագրող լուրջ գործունեություն չի ծավալել։

Ի հիշեցում նաև նշեմ, որ մի քանի տարի առաջ նույն անձը խնդրում էր, որպեսզի իր հոդվածները տեղադրվեն իմ կայքում և դրա դիմաց որոշակի վճարում ստանա։

Լրագրությունը հեռախոսով լայվ մտնելը չէ, ոչ էլ մարդկանց հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելը։ Լրատվությունը շառ անելու, վարկաբեկելու կամ անձնական հաշվեհարդարի գործիք չէ։

Ինձ համար լրագրող լինելը սուրբ և պատասխանատու մասնագիտություն է։ Լրագրողը նախ և առաջ պետք է ծառայի հանրային շահին, ոչ թե սեփական ամբիցիաներին։ Նա պարտավոր է տեղեկությունը ստուգել մի քանի աղբյուրից, տարանջատել փաստը կարծիքից, լսել բոլոր կողմերին և չմոլորեցնել հանրությանը կիսատ կամ կեղծ տեղեկություններով։

Իսկական լրագրողը կարող է ներկա լինել ցանկացած միջոցառման, հարցազրույց վերցնել ցանկացած քաղաքական գործչից անգամ եթե տվյալ անձը իրեն հաճելի չէ—և միևնույն ժամանակ պահպանել մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները, հարգալից խոսել, չվիրավորել, չնսեմացնել և չանցնել անձնական դաշտ։

Լրագրողի ուժը աղմուկի մեջ չէ, այլ ճշմարտությունը բացահայտելու, հասարակությանը տեղեկացնելու և վստահություն ձևավորելու կարողության մեջ։

Սա է իսկական լրագրությունը։Մաքուր պահեք Ձեր հոգիները,որ դժոխքի բաժին չդառնաք..;

Share This