ՆԱՏՕ-ի և ՌԴ ռազմական ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում իրականացրել են ուղեկցող թռիչքներ և մոնիթորինգ գործողություններ

Ֆրանսիական Rafale կործանիչները Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի ինքնաթիռների հետ միասին ապրիլի 20-ին Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ռազմավարական ռմբակոծիչներին, ինչպես նաև Tu-22M3 գերձայնային հրթիռակիր ռմբակոծիչներին, Սու-30 և Սու-35 կործանիչներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Deutsche Welle-ն գրում է, որ այս մասին միջադեպի հաջորդ օրը հաղորդել է ֆրանսիական հրամանատարությունը։

Նշվում է, որ «ավելի խոշոր ռազմավարական ռմբակոծիչներին» ուղեկցելու համար Ռուսաստանը հերթով օգտագործել է երկու Tu-22M3, ինչպես նաև շուրջ տասը Սու-30 և Սու-35։ Լիտվայի Շյաուլյայ քաղաքի օդանավակայանից Rafale-ի երկու օդաչուների թռիչքին ականատես է եղել The Associated Press-ի լրագրողը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդել է «Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրա» ապրիլի 20-ին «պլանավորված թռիչքի» մասին: Նշվում է, որ Tu-22M3 հեռահար ռմբակոծիչները՝ Սու-35-ի ուղեկցությամբ, թռել են ավելի քան չորս ժամ:

«Երթուղու առանձին փուլերում հեռահար ռմբակոծիչներն ուղեկցվել են օտարերկրյա պետությունների կործանիչների կողմից», – նշվել է հրապարակման մեջ:

Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության՝ թռիչքները կատարվում են միջազգային կանոնակարգերին համապատասխան:

Լիտվայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 13-19 ՆԱՏՕ-ի օդաչուները չորս անգամ օդ են բարձրացել թռիչքի կանոնները խախտող ռուսական ինքնաթիռները կալանելու համար: Այդ խախտումների թվում են տրանսպոնդերների անջատումը, թռիչքի կատարումն առանց պլան տրամադրելու, ինչպես նաև, ըստ ՆԱՏՕ-ի, կարգավարների հետ կապի բացակայությունը:

Share This