Արված աշխատանքներն ահռելի են, ներկայացված թվային ցուցանիշները՝ աննախադեպ՝ թե ծրագրային, թե գումարային համեմատությամբ․ Շիրակի մարզպետ

2025 թվականի ամփոփիչ և 2026-ի առաջին եռամսյակի արված աշխատանքների հաշվետվությամբ՝ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի 2026-ի անդրանիկ ընդլայնված նիստը։

Նիստի օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարմանը։ Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2025-ին կատարվել են 102,1 տոկոսով, նախատեսված 5 մլրդ 517 մլն դրամ սեփական եկամուտներից հավաքագրվել է 5 մլրդ 632 մլն դրամ դրամ։ Սեփական եկամուտների գերակատարումը կազմել է 115 մլն 178 հազար դրամ։ 2026թ. ապրիլի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 71,2 տոկոսով։ Ամասիա, Արթիկ, Անի համայնքներն առաջին եռամսյակում պահպանել են եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները՝ 100 տոկոսից ավել հավաքագրումներ ապահովելով։ Գյումրի, Ախուրյան, Աշոցք համայնքները չեն ապահովել առաջին եռամսյակում արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը՝ 71.2 տոկոսը։

 

💬«Շատ կարևոր եմ համարում համայնքների սեփական եկամուտների արդյունավետ հավաքագրումը։ Սեփական եկամուտների ավելացումը հնարավորություն է տալիս համայնքներին ինքնուրույն լուծել իրենց առջև ծառացած խնդիրները և զարգացնել ենթակառուցվածքները», – նշել է մարզպետը՝ ամփոփելով զեկուցողի խոսքը և նշելով, որ համայնքներն հստակ պարտավորություն ունեն այս գործընթացում զգոնությունը չթուլացնելու և շարունակելու պատասխանատու և պարտաճանաչ աշխատանքը։

 

🔷Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզում իրականացվելիք կապիտալ շինարարության ծրագրերին։ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը նշել է, որ 2025-ին մարզում իրականացվել են 29 մլրդ 641 մլն 938 հազար դրամի քաղաքաշինական ծրագրեր, ինչը 42 տոկոսով գերազանցում է 2024-ի գումարները։ Մարզում ընթացել են 13 դպրոցների կառուցման, 29 դպրոցների վերանորոգման, 6 մանկապարտեզների կառուցման ու ևս 3 մանկապարտեզների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները։ 2025-ին իրականացվել են և շարունակվում են Արթիկի բժշկական կենտրոնի, Պեմզաշենի, Ախուրիկի, Հացիկի ամբուլատորիաների կառուցման աշխատանքները։ Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ միջոցներ են ներդրվել՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2025-ին իրականացվել է ճանապարհաշինական 11 ծրագիր, որից 8-ը՝ 39 կմ երկարությամբ 6 մլրդ 832 մլն 781 հազար դրամ ընդհանուր արժեքով հիմնանորոգում։

 

💬«Քաղաքաշինության ոլորտում կարևոր եմ համարում նշել, որ Արթիկ համայնքում կառուցվում է բժշկական կենտրոն, որը ծառայելու է նաև Անի համայնքի և հարակից բնակավայրերի բնակչությանը։ Նշանակալի է նաև Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումը։ Աշխատանքներ են տարվում Անի և Ավստրիական թաղամասերի փողոցների հիմնանորոգման նախագծերի մշակման ուղղությամբ։ Անի թաղամասի ճանապարհների վիճակը մտահոգիչ է, և մենք անելու ենք հնարավորը խնդրի ժամանակավոր արագ լուծման համար, այնուհետև խնդրի վերջնական լուծման՝ հիմնանորոգման ծրագրի ամենասեղմ ժամկետներում մեկնարկելու նպատակով», – ընդգծել է Դավիթ Առուշանյանը՝ վստահեցնելով, որ բոլոր աշխատանքների վերահսկողությունն իրականացվելու է ամենայն պատասխանատվությամբ ու խստությամբ։

 

☑2026-ի առաջին եռամսյակում քաղաքաշինական ծրագրերի ծավալը ոչ միայն չի նվազել, այլև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճման միտում է ցուցաբերել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում շարունակվում են 10 դպրոցների և 4 մանկապարտեզների կառուցման շինաշխատանքները՝ ընդհանուր 24 մլրդ 756 մլն 446 հազար դրամ արժեքով։ Շարունակվում են մի շարք դպրոցների նորոգման ու հիմնանորոգման աշխատանքները։ Մարզում ընթանում են ընդհանուր՝ 17,7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում՝ շուրջ 2,5 մլրդ դրամ գումարի շրջանակներում։

 

🔷Մարզխորհրդի նիստի հաջորդ հարցն առնչվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին։

Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի զեկույցի համաձայն՝ նախորդ տարի իրականացվել է 36 ծրագիր՝ 124 ենթածրագրերով, ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 281 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 2 մլրդ 390 մլն դրամ, այսինքն՝ գումարի 55.8 տոկոսը։ 2026 տեղափոխվել է 29 ծրագիր՝ 117 ենթածրագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 10 մլրդ 198 մլն դրամ։ 2026 տեղափոխվել և ներկայացվել է 43 ծրագիր՝ 208 ենթածրագրերով, ընդհանուր արժեքը՝ 18 մլն 677 հազար դրամ։

 

💬Շիրակի մարզպետը նշել է, որ Կառավարություն-համայնք համագործակցությունն համարում է իրապես ստացված, և դրա վառ ապացույցը, Դավիթ Առուշանյանը համարել է մարզի համայնքներում իրականացված ու իրականացվող սուբվենցիոն ծրագրերը․ «Սուբվենցիոն ծրագրերից օգտվել են մարզի բոլոր բնակավայրերը։ Կառավարության և համայնքների համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվել են աննախադեպ ծավալի ծրագրեր, դրանց ընթացքն ու արդյունքն ակնառու է, և մեր բնակիչները հստակ տեսնում են՝ ինչ աշխատանքներ են կատարվում, ինչ խնդիրներ են քայլ-քայլ լուծվում»։

 

🔷Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը՝ նշելով, որ աշնանացան հացահատիկի ցանքատարածություններն ավելացել են 8300 հա-ով, հացահատիկային և հատիկընդեղենային մշակաբույսերի համախառն բերքն էլ ավելացել է 227, 5 հազար ց-ով։ Կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգի համաձայն, մարզի 1546 շահառուի 4703.92 հա-ի դիմաց տրամադրվել է 264 մլն 437 հազար դրամ փոխհատուցում, իսկ «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում 3021 շահառուի հետ կնքվել է 13026.5 հա աշնանացան ցորենի ցանքատարածության պայմանագիր։

 

💬«Գյուղատնտեսության ոլորտին անդրադառնալով՝ ուզում եմ նշել, որ արձանագրել ենք արտադրանքի աճ։ Միևնույն ժամանակ գործում են պետական աջակցության լայնածավալ ծրագրեր, և ես հորդորում եմ համայնքների ղեկավարներին և վարչական պատասխանատուներին ակտիվորեն իրազեկել ֆերմերներին այդ ծրագրերի մասին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք օգտվել դրանցից, այդ թվում՝ նաև 0 տոկոս տոկոսադրույքով տրամադրվող վարկերից», – ընդգծել է Դավիթ Առուշանյանը։

 

🔷Շիրակի մարզում առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքների, առողջության համընդհանոր ապահովագրության ծրագրի շրջանակներում 2026 թվականի 1-ին եռամսյակի ցուցանիշների մասին զեկույցով է հանդես եկել առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը։ Ըստ այդմ, առողջության համընդհանուր ապահովագրությունն ապահովել է առողջապահական շատ ծառայությունների հասանելիությունը մեծ թվով խոցելի խմբերի համար։ 2026 թվականի 1-ին եռամսյակում ԱԱՊ-ի կողմից սպասարկվել է 110416 ապահովագրական դեպք, որոնց ֆինանսավորումը կազմել է 506 մլն 542 հազար դրամ, իսկ ԱԱՊ-ի կողմից սպասարկվող ազգաբնակչության թվով պայմանավորված ֆինանսավորումը՝ 247 մլն 678 հազար դրամ, ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 754 մլն 220 հազար դրամ։ Ապահովագրության համակարգի ներդրումը նպաստել է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներհոսքին բժշկական հաստատությունների բյուջե, ինչի արդյունքում հնարավոր է եղել զգալի նվազեցնել տարիներով կուտակված կրեդիտորական պարտքերը։ Եթե 2025-ը բժշկական հաստատությունները փակել էին 105 մլն 457 հազար դրամ կրեդիտորական պարտքով, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակին կրեդիտորական պարտքը կազմում է 26 մլն 194 հազար դրամ։ Կրեդիտորական պարտքը նվազել է 79 մլն 281 հազար դրամով։

 

💬«Առողջապահության ոլորտում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համընդհանուր ապահովագրության ներդրումն է։ Միայն Շիրակի մարզի ամբուլատոր ծառայություններից արդեն օգտվել է ավելի քան 11 հազարից ավելի քաղաքացի։ Շատերն օգտվել են նաև անվճար դեղորայքից։ Այս ծրագրի շնորհիվ բուժհաստատությունները կարողացել են մարել իրենց պարտքերը, ինչպես նաև բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը։ Զբոսաշրջության ոլորտում ևս արձանագրել ենք աճ։ 2025 թվականին զբոսաշրջային հոսքի ավելացմանը զուգահեռ աճել են նաև Ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանի եկամուտները, ինչի արդյունքում 2026 թվականին վերանայվել են թանգարանի և Գյումրու պոլիկլինիկաների շուրջ 150 աշխատակիցների աշխատավարձերը», – փաստել է մարզպետը։

 

☑Հաշվի առնելով բժշկական հաստատություններ ֆինանսական միջոցների ներհոսքը՝ մարզպետի հանձնարարությամբ խորհրդատվական այցերից 12 տոկոս լրավճար է սահմանվել ԱԱՊ օղակի ավագ և միջին բուժաշխատողների համար։ Աշխատավարձի բարձրացում է սահմանվել նաև ԱՀԱ հիմնադրամի կողմից մշակված չափորոշիչով։ Արդյունքում ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների և համապատասխանաբար նշված մասնագետների միջին բուժանձնակազմի աշխատավարձերը միջինում բարձրացել են 20-30 տոկոսով, նեղ մասնագետներինը՝ պայմանավորված խորհրդատվությունների քանակով, բարձրացել են միջինում 50 տոկոս և ավելի։ Մարզպետի հանձնարարությամբ 10-20 տոկոսով բարձրացվել են նաև մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող տնտեսական և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը։

 

✍️Մարզպետը հորդորել է բոլոր ոլորտների պատասխանատուներին շարունակել աշխատել պատասխանատվությամբ ու անել հնարավորը մարզի ազգաբնակչության առջև ծառացած խնդիրներն օր առաջ լուծելու նպատակով։

 

💬«Ուզում եմ նաև անդրադառնալ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ Հորդորում եմ բոլոր պետական կառույցների ներկայացուցիչներին գործել բացառապես օրենքի շրջանակներում, քանի որ մեր կառավարման համակարգում ապօրինություն չի եղել և չի լինելու։ Վստահ եմ, որ ընտրությունները լինելու են լեգիտիմ, ազատ և թափանցիկ։ Բոլոր պետական ծառայողներին մնում է լինել պետականամետ, խոսքս հենց օրենքի շրջանակներում գործելու մասին է, դրսևորել բարձր պատասխանատվություն», – եզրափակել է Շիրակի մարզպետը։

 

Հանդպման ավարտին մարզպետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին։

Share This