Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի)

Այս օրը երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: Նոր է կոչվում և գարունը, քանզի հաջորդելով ձմռանը՝ սկսում է արարածների նորոգությունը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի նորոգվում է չորս եղանակներով. գարնանը ծնվում է, ամռանն աճում և հասնում կատարելության, աշնանը ծերանում և ձմռանը մահանում՝ հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար: Դրանով նկարագրվում է մեր հարության խորհուրդը: Եթե գարնանը բնությունը նորոգվում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում:

Արդ՝ նոր ասելով նոր կյանքն ի նկատի ունի, քանզի Քրիստոսով ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ (տես Բ Կորնթ. 5:17): Նոր եղավ նաև Եկեղեցու խորհուրդը, որը հավիտյան ծածկված էր Աստծո մոտ, և այժմ հայտնվեց Իր սրբերին, և Եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին ու պետություններին (տես Կողոս. 1:26, Եփես. 3:9-10): Նոր է և Եկեղեցու պատիվը, որի մասին առաքյալն ասում է, որ ուրախ է այն չարչարանքների ու նեղությունների համար, որ կրում է իր մարմնով (Կողոս. 1:24): Նոր է նաև Եկեղեցու պաշտոնը, քանզի ճշմարիտ երկրպագությունն այն է, երբ Հորը երկրպագում են հոգով ու ճշմարտությամբ, քանզի Հայրն այդպիսի երկրպագություն է փնտրում (տես Հովհ. 4:23): Նոր է և Եկեղեցու հոգևոր և վերստին ծնունդը, որը մարգարեն նախապես տեսնելով ասաց. «Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի. քանզի Սիոնը երկունքի ցավով բռնվեց և ծնեց իր մանուկներին» (Եսայի 66:8): Նոր է և Եկեղեցու սուրբ Սեղանի խորհուրդը և փառքը, քանզի այլևս չի ներկվում նոխազների արյամբ, այլ ամբողջովին ներկված է Աստծո Օծյալ Որդու կենարար Արյամբ: Նոր է և Եկեղեցու «պետության» կարգը՝ ըստ այս խոսքի. «Ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն» (Մատթ. 21:43): Նոր է նաև Եկեղեցու «քրիստոնյա» անունը, ինչն Աստված նախ մարգարեին խոստացավ. «Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի, որը պիտի օրհնաբանվի երկրի վրա» (Եսայի 65:15): Նոր է Եկեղեցու հավատացյալների ու ժառանգների հույսը, ինչի մասին ասում է առաքյալը. «Ուստի, ծառա չես, այլ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո» (Գաղատ. 4:7): Նոր է նաև Եկեղեցու արքայության ավետիսը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6), ինչի մասին նաև Տերն է ասում. «Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ ետևից կգա. և ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհ. 12:26): Նոր է նաև Եկեղեցու՝ մեռելների հարության խորհուրդը. «Արդ՝ մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք» (Ա Կորնթ. 15:51):

Share This