Ամոթ ու խայտառակություն է. երկրի նախագահը ՀՀ-ին նորից անհեթեթ վիճակի մեջ է դրել. Զոհրաբյան

Մեր երկրի համար ամոթ ու խայտառակություն է, երկրի նախագահի նպատակը մեռելների գլխին կանգնել, սելֆի անելն ու պաշտոնական ճաշերին կենաց ասելն է՝ հաց ուտելը: Ambion.news-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով սոցկայքերում տարածված տեսանյութին, որտեղ Հունաստանում պաշտոնական ճաշի ժամանակ լսելի է դառնում Վահագն Խաչատուրյանի խոսքերը՝ «ես չեմ դիմանում, Էս մարդկանց սոված ենք պահում»:

«Վահագն Խաչատուրյանը, որին ողջ գիտակցական կյանքումս Խաչատրյան եմ ճանաչել, չգիտես ինչու դարձավ Խաչատուրյան, ամեն առավոտ արթնանում ա, մոտենում ա հայելուն ու ասում. «էս ես եմ, ես ՀՀ նախագահն եմ», բայց անգամ չգիտի՝ ՀՀ Սահմանադրությամբ երկրի ղեկավարը, թիվ մեկ պաշտոնյան ոչ թե Նիկոլն ա, այլ ինքը. ավելի աբսուրդ բան չկա: Էս իշխանության մեջ աբսուրդները շատ են, բայց էս կերպարը յուրահատուկ ա: Նա արդեն մի քանի անգամ երկիրը անհեթեթագույն վիճակի մեջ է դնում»:

Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ Վահագն Խաչատուրյանի ախորժակը միշտ է տեղը եղել՝ նկատի ունենալով Երևանի քաղաքապետ աշխատած տարիները:

«Եթե ստավկա լիներ, թե բնության մեջ հնարավոր ա ինչ-որ մի շոկային իրավիճակ, որ Վահագն Խաչատուրյանը դառնա նախագահ, անգամ ամենաանմեղսունակը ստավկա չէր դնի»:

Հարցին, թե պետության վարկանիշը գցող նախագահի հանդեպ ինչպիսի վերաբերմունք պիտի ունենա հասարակությունը, նախկին պատգամավորը նկատեց, որ եթե դեպքը լիներ մի քանի տարի առաջ, միանշանակ կդրվեր հրաժարականի պահանջ, բայց այսօր մարդիկ թմբիրի մեջ են:

«Եթե անգամ Արցախի կորուստը ոմանց շոկի մեջ չգցեց, Խաչատուրյանի բկլիկությունը հաստատ չի գցի: Հասարակությունը էնպիսի հոգեբանական կրիզիսի մեջ ա, որ աջակցության կարիք ունի, ինքնապարփակվել ա, չի ուզում այլևս ոչ մի նեգատիվ բան լսի, իրեն պաշտպանում է տեղեկատվությունից, որովհետև լավ բան չկա, սուտը չի ուզում լսել, նեգատիվից հոգնել ա»։

Share This