Վաշինգտոնյան համաձայնագրից հետո մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, ով, ի դեպ, նաև ստորագրել է Համատեղ հռչակագիրը որպես վկա, նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այդ ժամանակից անցել է ավելի քան վեց ամիս, և իրավիճակը Հայաստանի հետ սահմանին շատ հանգիստ է։ Այլևս փոխհրաձգություններ չկան, զոհեր, վիրավորներ չկան։ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրեց Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Մենք նաև սկսեցինք Հայաստանին մատակարարել կարևորագույն նավթամթերք, ինչը, ըստ էության, նշանավորում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը։

Այլ կերպ ասած, մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։ Որոշակի ձևականություններ պետք է կատարվեն, նախքան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Բայց ձեր նշած հռչակագրի հետ մեկտեղ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախաստորագրեցին նաև խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այսպիսով, իմ կարծիքով, ամեն ինչ արված է։

Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետը կիսում է այս կարծիքը։ Մենք պարզապես սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և դա շատ լավ զգացողություն է»,- ասել է նա։

Share This