Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը հստակ նվազել են․ Սրբուհի Գալյան
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը հստակ նվազել են․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է վերջին շրջանում կալանքը կիրառվում որպես խափանման միջոց։
«Դա բացարձակ չի համապատասխանում այն իրականությանը, որ մենք այսօր ունենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կալանքի այլընտրանք են տնային կալանքն ու վարչական հսկողությունը։
«Այս պահի դրությամբ, որպեսզի տարընկալում չառաջանա, տնային կալանքում գտնվող 907 անձ ունենք, վարչական հսկողության ներքո ունենք 1143 անձ, և չեմ կարող նշել, թե քանի անձ ունենք, որոնց նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու արգելքը կամ գրավ խափանման միջոցը։ Խոսքը տասնյակ հազարավոր դեպքերի մասին է»,- ասաց նա։
Ըստ նրա՝ ունենք ընդամենը 1406 կալանավոր, որոնք պահվում են ՔԿՀ-ներում․ «Իհարկե, այս թիվը ևս մեծ է։ Այսպիսին է պատկերը, այլ խափանման միջոցները տասնյակ հազարներով ավելին են»։
