Ցուցուլյանը հրամայել է «անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ»
Հունվարի 30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության վարչական համալիրում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Մասնակցում էին Պարեկային ծառայության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Կամո Ցուցուլյանը նշել է, որ լինելով Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված առաջին հենասյունային ուղղությունը՝ Պարեկային ծառայությունը, պետք է չբավարարվի ձեռքբերումներով և հանցավորության դեմ պայքարում ամրապնդի գրանցված հաջողությունները։
Նա հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ՝ համագործակցելով Ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ։
Գործունեության թափանցիկությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է կատարված աշխատանքի, ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել ամփոփիչ զեկույցներ: Ոստիկանության պետի խոսքով՝ հաշվետվողականության այս ձևաչափը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել կատարած աշխատանքի արդյունավետությունը։
Ոստիկանության պետն ընդգծել է նաև ծառայողական կարգապահության և մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործման կարևորությունը։
Խորհրդակցության ընթացքում գույքագրվել են ի հայտ եկած խնդիրներն ու բացթողումները, որոնք պահանջում են հստակ լուծումներ։
