Ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման առթիվ։
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։
Մեր բանակն անցել է ձեւավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։
Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում։
Առաջինը՝ կամավոր ատեստավորման ծրագիրն է, որը հնարավորություն տվեց զինծառայողների վարձատրությունն ընդհուպ կրկնապատկել` կախված զինծառայողի պրոֆեսիոնալ հմտություններից։ Այսօր մեր բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ կամավոր ատեստավորման բերումով 30, 50, 100 եւ նույնիսկ ավելի տոկոսներով բարձր վարձատրություն են ստանում՝ կամավոր ատեստավորմանը նախորդած շրջանի համեմատ։
Մեր բանակում կան 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ։ Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1, 1․5, 2 միլիոն դրամը։ Սա կարեւոր սոցիալական երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ հանրության համար, որը կարող է վստահություն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի եւ այն շարունակաբար բարձրացնելու մոտիվացիոն համակարգի գոյության առումով։Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետեւ ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է եւ քանակական։ Բայց նաեւ պետք է պատասխան հնչի մի շատ կարեւոր հարցի․ իսկ ինչու՞ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին։
Սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․
1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։
2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։
Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։
