Մեր երկրում նոր թափ է ստանում բռնnւթյամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը. Թաթոյանը՝ Մերձավանում uպանnւթյան մասին
Սեփական տան բակում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են։ Մեր երկրում, ցավոք, նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով հրապարակումները այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ՝ իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է:
Առավել վտանգավոր է, որ դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու գիշերը, երբ ենթադրվում է, որ տանն են լինելու բոլորը, այդ թվում՝ երեխաները։
Քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ապահովել բազմակողմանի ու օբյեկտիվ, բայց հանրության համար հաշվետու քննություն և հնարավոր առավելագույն հանրային թափանցիկություն։
Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով նախորդ դեպքերը, երբ չի ապահովվել պատշաճ հանրային թափանցիկություն ու անգամ իշխանութան հովանավորությամբ հանրությունից թաքցվել են քրեական վարույթի, այդ թվում՝ բռնությամբ ուղեկցվող հանցանքների քննության ընթացքը և արդյունքները: Նման ցանկացած դրսևորում նշանակելու է, որ դա իշխանությունը հատուկ է անում:
Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վալոդյա Գրիգորյանն իշխանության մաս չէր կազմում, և պատշաճ հանրային հաշվետվողականության բացակայությունը կընկալվի որպես իշխանության մեջ չգտնվող մարդկանց ու առավել ևս հանրային գործիչների [անպատիժ] թիրախավորում:
Ցավակցում եմ սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքի անդամներին ու հարազատներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած երրորդ անձին»,- նշել է Թաթոյանը։
Ավելի վաղ Ambion.news–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։
