Մեր խնդիր չէ՝ 10 տարի անց մուշտուկը դնել բերանին, ասել՝ «մենք որ ասում էինք…». Փաշինյանի ակնարկը Տեր–Պետրոսյանին

Դու քո տունը կառուցել ես քո կադաստրային գծից ներս, բայց արտաքին պատերին նկարել ես նկար, որը խորհրդանշում է քո ընկալումը, որ հարեւանդ արժանի չէ ունենալ այն, ինչ ունի, և ամեն գարուն այդ նկարի գույները թարմացնում ես, նոր տարրեր ես ավելացնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար նկատի ունենալով Արարատ լեռան նկարը, որն առկա է նաեւ զինանշանի վրա։

«Սկզբունքորեն դու քո սահմանի մեջ ես, բայց դա նյարդ է, դա նյարդայնացնելու է, և դա հասկանալու համար եկեք ինքներս պատկերացնենք, որ ամեն առավոտ դուրս ենք գալիս ու տեսնում ենք, որ մեր հարեւանի նորոգված պատի վրա կա նկար, որն արտահայտում է բովանդակություն, որ մենք արժանի չենք այն տանը, որտեղ ապրում ենք։ Սա նյարդայնացնելու է ու դատռնալու է վեճ, կոնֆլիկտ, կռիվ, պատերազմ։

Այսօր շատերը չեն հասկանում, թե ինչու ենք ակնհայտորեն որոշումներ կայացնում, որոնց համար մեզ չեն ծափահարելու։ Մեր խնդիր չէ ապահովել չակերտավոր «խաղաղություն», «անվտանգություն», հետո 10 տարի անց հերթական պայթյունը տեղի ունենա, ոտներս գցենք ոտներիս, մուշտուկները դնենք բերաններիս, ասենք՝ «տեսեք, որ մենք որ ասում էինք…»։ Մեր խնդիրն այն է, որ մենք այսօր կայացնենք այն որոշումները, որը ոչ միայն այսօր է՝ ապահովելու մեր լեգիտիմ սահմաններով երկրի անվտանգությունը, այլեւ ապահովելու է հարյուրամյակով։ Մենք անհարիր ենք համարում մեզ համար և որեւէ իշխանության համար մտածել շաբաթով, ամիսով, տարիով նույնիսկ տասնամյակով։ Մեր խնդիրը չէ երկիրը մի կերպ բրդել, գցել մեկի գրպանը, ու գնալ հարցազրույցներ, ասուլիսներ տալ, թե մենք մեր ժամանակ ինչքան խելոք էինք, ինչեր էինք անում։ Թող մեզ էսօր անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50-100 տարի անց Հայաստանը լինելու է պետություն»,–ասաց նա։

Share This