Հնդկաստանում սկսել են զանգվածաբար որսալ կապիկներին «Միսս աշխարհ» մրցույթի պատճառով
Հնդկաստանի Տելանգանա նահանգում զանգվածաբար բռնում են կապիկներին «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Deccan Chronicle պարբերականը։
Նախատեսվում է, որ չորեքշաբթի՝ մայիսի 14-ին, աշխարհի ամենագեղեցիկ կանանց տիտղոսի հավակնորդները կայցելեն Ռամապա տաճար եւ Վարանգալ ամրոց։ Առաջինը հայտնի է ոչ միայն նրանով, որ մտցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ, այլեւ նրանով, որ տաճարի այցելուների վրա մշտապես հարձակվում են ագրեսիվ կապիկները։
Աղջիկների զբոսանքը չփչացնելու համար պաշտոնյաները կազմակերպել են կենդանիների զանգվածային որս, որը կնքել են «կապկի գործողություն» անվանմամբ։ Անտառտնտեսության ներկայացուցիչները՝ օկրուգի անտառապահ Ռահուլ Կիշանի գլխավորությամբ, արդեն որսացել եւ տեղափոխել են 150 կապիկ։ Դրա համար վարձել են փորձառու որսացողների հատուկ վանդակներով։ Կենդանիներին բաց են թողել Էտուրնագարամ արգելոցային անտառի խորքում։
«Լուրջ ջանքեր են գործադրվում, որպեսզի ոչ մի կապիկ չնկատվի «Միսս աշխարհ» մրցույթի մասնակիցների այցի ժամանակ»,- լրագրողներին ասել է Ռահուլ Կիշանը։ Նա կատակել է, որ միակ կապիկները, որոնց կարող են հանդիպել աղջիկները, կլինեն նրանք, որոնք փորագրված են տաճարի պատերին։
Տեղի բնակիչները, որոնք մշտապես տուժում են կապիկների պահվածքից, հավանություն են տվել պաշտոնյաների նախաձեռնությանը։
«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին։ Կմասնակցեն 108 երկրների աղջիկներ, ներառյալ Ուկրաինան, Ղրղզստանը եւ Ղազախստանը։ Ռուսաստանի եւ Պակիստանի ներկայացուցչուհիներ այս տարի մրցույթում չկան։
