Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
ԿԳՄՍ որոշման համաձայն բարձր որակի կրթություն ապահովելու համար նախատեսում են միավորել 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 232 դպրոցների միավորմամբ: Դրանք առավելապես տարածվում են սահմանապահ գյուղերի վրա: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը 48 է:Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին: Ambion.News-ի թղթակցի փոխանցմամբ` Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն։ Արթիկ խոշորացված համայնքի Տուֆաշեն գյուղի դպրոցը կմիանա Հայրենյաց գյուղի դպրոցին։ Ամասիա համայնքի Ողջի և Մեղրաշատ գյուղերի դպրոցները կմիացվեն Բյուրակն գյուղի դպրոցին։ Ախուրյան համայնքում ևս կլինի դպրոցների օպտիմալացում` Գետքի դպրոցը կմիանա Երազգավորս գյուղի դպրոցին, Լեռնուտի միջնակարգ դպրոցը կմիանա Ջաջուռի միջնակարգ դպրոցին։ Սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներն ու ծնողները մտահոգված են, որովհետև նրանց կարծիքով` անունը դրել են որակյալ կրթություն, դատարկում են գյուղը։ Համենայնդեպս տրամաբանությունն այսպիսին է` փակել հինը, կառուցել նորը։
