Ինչու Նիկոլ Փաշինյանը այդքան շուտ ադապտացավ ռուսներին
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բոլորը կհիշեն, որ մի պահ այն մտայնությունը կար, որ անկախ հրապարակավ արված հայտարարությունից փոխվելու էր Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը։ Սակայն հաշված ամիսներ միայն անհրաժեշտ եղավ, որպեսզի ամեն բան հետ վերադառնա իր նախնական հունին, եւ Փաշինյանն ակտիվորեն ադապտանա ռուսներին, ավելին, քան Սերժ Սարգսյանը։ Սա ինչ խոսք բավական հետաքրքիր ու ինտրիգային մետամորֆոզ էր։ Դժվար է ասել, որ Հայաստանի ներկա իշխանությունները մինչեւ վերջ կմնան ռուսների հանդեպ նման նվիրվածության դիրքերում, սակայն այժմ էական է հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այսպես ասենք՝ «ներկա իշխանությունների ռուսաֆիկացիան»։ Հայաստանում, չգիտես ինչու քաղաքական պրոցեսները ընդունված է դիտարկել միայն ներհայաստանյան պլանում, մինչդեռ մոռանում են, որ Հայաստանը Հարավային Կովկասի, Մեծ Մերձավոր Արեւելքի մի մասն է ու այն աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնք տեղի են ունենում աշխարհում, մեր սահմանների մոտ կամ մեր ռեգիոնում, անմիջականորեն ազդում են կամ նույնիսկ պայմանավորում ներքաղաքական իրողությունները։ Սա նկատի ունենալով, Փաշինյանի արագ ռուսաֆիկացումը կարելի է բացատրել թերեւս հենց աշխարհաքաղաքական վերադասավորումներով։ Նիկոլը բավական խելացի մարդ է, կամ խորամանկ, ու որքան էլ արտաքին քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները լինեն նրա աքիլեսյան գարշապարը, զգում է քամիների փոփոխությունը մեծ քաղաքականության մեջ, թեկուզ եւ զուտ ինքնապահպանման բնազդի թելադրանքով։ Նա պարզապես զգաց, որ հիմա քաղաքական ինքնասպանություն է ռուսներից հեռանալը, քանի որ Արեւմուտքը որեւէ հստակ ազդակ չի տալիս իրեն՝ «Վրաստան թիվ 2» դարձնելու մասով։ Հետեւաբար, ունենալով նաեւ ներքին լուրջ դիմակայություն, չլուծված հակամարտություն Ղարաբաղում եւ հազարավոր մարտահրավերներ, նա որոշեց հետ վերադառնալ «Սերժի ժամանակների հունը» եւ նույնիսկ խորացնել այն։ Սխալ է ասել, թե նա նվիրված ռուսամետ է։ Նիկոլը մեծ հաշվով միայն նիկոլամետ է։ Ու այստեղ պարզ քաղաքական հաշվարկն է, որ գործում է, ընդ որում, բավական գավառական հաշվարկը, քանի որ Փաշինյանին չես համեմատի օրինակ Անգլիական թագուհի Արմեն Սարգսյանի հետ, իր դիվանագիտական փորձով, «խորքային պետության» խորքային գիտակ լինելու հանգամանքով ու այլ պարամետրերով հանդերձ։ Խնդիրը, որը ներկայումս իրականացնում է Փաշինյանն, ուրեմն, զուտ ինքնապահպանումն է ու հնարավոր վերարտադրության կազմակերպում։
