Հայաստանում մեկնարկել է Հիպնոսի և հիպնոթերապիայի հայկական ասոցիացիայի անդամակցության գործընթացը

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Հիպնոսի և հիպնոթերապիայի հայկական ասոցիացիայի անդամակցության գործընթացը։ Ասոցիացիայի ստեղծման նպատակը պարզապես մասնագետներին մեկ հարթակում հավաքելը չէ։ Ձևավորվում է միջավայր, որտեղ հիպնոսի տեխնիկաները դիտարկվում են ոչ թե որպես առանձին հնարքներ, այլ որպես մասնագիտական ավելի լայն համակարգի՝ հոգեբանության, նեյրոգիտության, հաղորդակցության, վարքագծային գիտությունների և թերապևտիկ աշխատանքի մաս։ Հիպնոսին այլևս պետք չէ միստիկա վերագրել։ Հիպնոսը բուժական մեթոդ է, գործիք։ Ժամանակակից մասնագետի համար այլևս բավարար չէ միայն ինդուկցիա իմանալը, խորացման տեխնիկա կիրառելը կամ հաճախորդի մոտ որոշակի հիպնոտիկ ֆենոմեն առաջացնելը։ Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչու է այս տեխնիկան աշխատում, երբ է այն կիրառելի, երբ պետք չէ կիրառել, ինչ հոգեբանական և վարքային մեխանիզմներ են ներգրավված, ինչ սահմաններ ունի մասնագետի կոմպետենտությունը, և ինչ պատասխանատվություն է կրում նա իր աշխատանքի համար։ Սա է այն անցումը, որը պետք է ապահովի նոր ստեղծված ասոցիացիան․ տեխնիկայից դեպի ինտեգրալ մտածողություն, ինտուիցիայից դեպի համակարգված մասնագիտական մոտեցում, հեղինակության վրա հիմնված ուսուցումից դեպի գիտելիքի քննադատական գնահատում։

Մասնագիտական համայնքը սոսկ ակումբ չէ։ Ցանկացած ոլորտ զարգանում է այն ժամանակ, երբ մասնագետներն աշխատում են ոչ միայն լոկալ, այլև ստեղծում են մասնագիտական մշակույթ։ Հենց համայնք ու մշակույթ ստեղծելու, մեզանում դրանք ներդնելու նպատակով է ստեղծվել այն հարթակը, որի առկայությամբ անդամակից մասնագետները հնարավորություն կունենան մասնակցելու կրթական ծրագրերի, սեմինարների, մաստերկլասների և կոնֆերանսների, ստեղծելու մասնագիտական նոր կապեր, համագործակցելու Հայաստանի և արտերկրի մասնագետների հետ և մասնակցելու ոլորտի զարգացման գործընթացին։ «Բայց մեզ համար ամենակարևոր գաղափարը նույնիսկ սա չէ,- մեզ տված հարցազրույցում նշեց ասոցացիայի նախագահ Լոռա Սգոլիկը։- Մենք Հայաստանում ձևավորում ենք այնպիսի մասնագիտական համայնք, որտեղ որակը ավելի կարևոր է, քան հավակնոտ խոստումները, գիտելիքը՝ ավելի, քան անձնական բրենդը, մասնագիտական պատասխանատվությունը՝ ավելի, քան հերթական «տեխնիկան» վաճառելու հմտությունը»։

Հիպնոսի և հիպնոթերապիայի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է վերջին տարիներին։ Բայց ցանկացած աճ իր հետ բերում է ռիսկեր՝ մակերեսային կրթություն, որը ենթադրում է պացիենտին տրվող անհավասարակշիռ խոստումներ, բերում է գիտական տերմինների սխալ գործածում և մասնագիտական սահմանների խախտում։ Այս ամենից խուսափելու համար այսօր անհրաժեշտ են ոչ միայն շատ մասնագետներ, այլև ավելի պատրաստված, քննադատական մտածողություն ունեցող և ավելի պատասխանատու մասնագետներ։ Եվ ասոցացիան իր գործունեությամբ միտված է հենց այդ համայնքի կառուցմանը։

Եթե աշխատում եք հիպնոսի, հիպնոթերապիայի, հոգեբանության կամ հարակից ոլորտներում և ցանկանում եք լինել Հայաստանում առաջին անգամ ձևավորվող մասնագիտական հիպնոսի և հիպնոթերապիայի համայնքի մաս, ապա կարող եք դիմել ասոցիացիային անդամակցության համար։ Ժամանակն է հիպնոսը դուրս հանել «գաղտնի տեխնիկաների» մշակույթից և բերել այնտեղ, որտեղ այն պետք է լինի, այսինքն՝ մասնագիտական քննարկման, կրթության, գիտական հետաքրքրասիրության և պատասխանատու պրակտիկայի դաշտ։ Սա միայն ասոցիացիայի ստեղծում չէ։ Սա փորձ է փոխելու ոլորտի մասնագիտական պատկերը։

Share This