«Քար առ քար կառուցենք ապագան»․ Հայաստանի արդյունաբերական զարգացման նոր տեսլականը
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը գրում է.
Վերջին շրջանում խոսում էինք Հայաստանի արդյունաբերության զարգացման մի քանի կարևոր ուղղությունների մասին՝ արժեշղթաների երկարացում, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության զարգացում, տեխնոլոգիական, խելացի ու հետագծելի արդյունաբերության ձևավորում։ Հիմա խոսենք սրանց իրականացման գործիքների մասին։ Իմ համոզմամբ՝ այդ գործիքներից կարևորագույնը արդյունաբերական գոտիների և դրանց շուրջ ձևավորվող կլաստերների ստեղծումն է։
Արդյունաբերական գոտին պարզապես հողատարածք կամ արտադրական շենքերի համախումբ չէ։ Ճիշտ ձևավորված արդյունաբերական գոտին պետք է լինի ամբողջական արդյունաբերական էկոհամակարգ, որտեղ արտադրողը կարող է գտնել անհրաժեշտ ենթակառուցվածքը, մատակարարներին, լոգիստիկան, ինժեներական և տեխնոլոգիական ծառայությունները, մասնագիտական աշխատուժը և իր արտադրանքի համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ։
Սա ունի նաև շատ կոնկրետ տնտեսական ազդեցություն։ Երբ նույն արժեշղթայի տարբեր օղակները տարածականորեն և տնտեսական առումով մոտենում են միմյանց, հնարավոր է նվազեցնել լոգիստիկ և այլ գործառնական ծախսերը, համատեղ օգտագործել ենթակառուցվածքներ և ծառայություններ, կրճատել արտադրության ինքնարժեքը, բարձրացնել արտադրողականությունը և, հետևաբար, բարձրացնել հայկական արտադրանքի մրցունակությունը։
Բայց այստեղ կարևոր է մեկ սկզբունք․ Հայաստանում չպետք է ստեղծենք արդյունաբերական գոտիներ միայն տարածք տրամադրելու տրամաբանությամբ։ Նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ ենք արտադրելու այդտեղ, ի՞նչ շուկաների համար և ի՞նչ արժեշղթայի շուրջ ենք ձևավորելու կլաստերը։
Հետևաբար առաջիկա տարիների աշխատանքը պետք է սկսվի ոչ թե շինարարությունից, այլ արժեշղթաների և շուկաների քարտեզագրումից։ Պետք է ընտրենք այն ուղղությունները, որտեղ Հայաստանը կարող է ունենալ իրական մրցակցային առավելություն, հաշվարկենք այդ արժեշղթաների ներուժը, հասկանանք անհրաժեշտ հումքի և բաղադրիչների աղբյուրները, արտահանման շուկաները և այն բացերը, որոնք այսօր թույլ չեն տալիս ամբողջական արտադրական շղթան ձևավորել Հայաստանում։
Այս տեսանկյունից Հայաստանում արդյունաբերական կլաստերների ձևավորման պոտենցիալ ունեն, օրինակ, մետաղամշակման, ոսկերչության և թանկարժեք քարերի, տեքստիլի և թեթև արդյունաբերության, սննդի վերամշակման, դեղագործության, քիմիական արտադրության, էլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիական արտադրության ուղղությունները։ Սակայն ընտրություն անելիս պետք է առաջնորդվենք կոնկրետ տնտեսական հաշվարկներով, ներդրումային հետաքրքրությամբ և միջազգային շուկաների պահանջարկի ուսումնասիրությամբ։
Միայն դրանից հետո կարելի է անցնել կլաստերի տարածքային ձևավորման նախագծմանը․ որտեղ է այն նպատակահարմար տեղակայել, ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, ինչ արտադրողներ կարող են դառնալ դրա հիմքը, ինչ մատակարարներ և ծառայություններ պետք է ներգրավել, ինչպիսի էներգետիկ, ջրային, ճանապարհային, լոգիստիկ և թվային ենթակառուցվածքներ են պահանջվում։
Այստեղ պետության դերը պետք է լինի հստակ։ Պետությունը չպետք է որոշի՝ կոնկրետ որ ընկերությունն ինչ արտադրի։ Պետությունը պետք է ստեղծի այն ենթակառուցվածքային, կարգավորող, ֆինանսական և մարդկային կապիտալի միջավայրը, որտեղ մասնավոր ներդրողները կտեսնեն արդյունաբերական գոտիներում արտադրություններ հիմնելու և ընդլայնելու տնտեսական տրամաբանությունը։
Դրանից հետո արդյունաբերական գոտու շուրջ պետք է ձևավորվի արտադրողների «կրիտիկական զանգվածը», իսկ արդեն գործող արտադրողների շուրջ՝ ներգրավվեն բաղադրիչների, հումքի, փաթեթավորման, ինժեներական, տեխնոլոգիական և այլ ծառայությունների մատակարարներ։ Այսպիսով՝ ոչ միայն կերկարացվեն արժեշղթաները և կմեծանա Հայաստանում ստեղծվող ավելացված արժեքի բաժինը, այլև կստեղծվեն թվայնացման և արտադրանքի ամբողջական հետագծելիության համար անհրաժեշտ պայմաններ։
Եվ վերջապես՝ այս ամենի վերջնակետը կլինի միջազգային շուկաներում դիրքավորումը։
Կլաստերի նպատակը միայն Հայաստանում արտադրելը չէ։ Այն պետք է հնարավորություն տա ստեղծել միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք, նվազեցնել ինքնարժեքը, զարգացնել հայկական բրենդներ և ավելի արդյունավետորեն մուտք գործել արտաքին շուկաներ։
Մեր նպատակն է, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանում ունենանք առնվազն երկու իրական արդյունաբերական գոտի, որոնք չեն լինի պարզապես արտադրական տարածքներ, այլ կաշխատեն որպես ամբողջական կլաստերներ՝ իրենց արտադրական արժեշղթաներով, մատակարարներով, ենթակառուցվածքներով և արտահանման ուղղություններով։
Սա արդեն արդյունաբերական քաղաքականության հաջորդ մակարդակն է․ ոչ թե պարզապես ավելի շատ արտադրել, այլ Հայաստանում ստեղծել այնպիսի արդյունաբերական էկոհամակարգեր, որտեղ արտադրելը դառնում է ավելի արդյունավետ, ավելի էժան, տեխնոլոգիապես ավելի բարդ և միջազգային շուկաներում ավելի մրցունակ։
Եվ հենց այս տրամաբանությամբ պետք է առաջիկա տարիներին կառուցվի Հայաստանի նոր արդյունաբերական քարտեզը։
Քար առ քար կառուցենք ապագան։
Ես հավատում եմ մեզ։
