Եղիշե Կիրակոսյանն ազատվեց պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին»
օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
26-րդ մասերով՝

Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ գրել էր, որ Եղիշե Կիրակոսյանը դեռեւս ամռանն է հրաժարականի դիմում ներկայացրել, ինչը չէին հերքել նաեւ կառավարությունից ու խուսափել մեկնաբանություն տալ՝ դա համարելով անձնական տվյալ։

«Աշխատանքային օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների հետ կապված և որոշակի աշխատողին վերաբերող՝ գործատուին անհրաժեշտ տեղեկությունները համարվում են աշխատողի անձնական տվյալներ։ Այսինքն՝ աշխատանքի կազմակերպման, պաշտոնավարման ժամկետների, պաշտոնի փոփոխության կամ առաջխաղացման, պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ աշխատողի կամ գործատուի նախաձեռնությունների, առաջարկների կամ դրանց բացակայության վերաբերյալ տվյալները հանդիսանում են գործատուի կողմից տնօրինվող աշխատողի անձնական տվյալները, որոնց փոխանցումը երրորդ անձանց սահմանափակված է նույն օրենսգրքի 134-րդ հոդվածով»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են կառավարությունից՝ հավելելով, որ Եղիշե Կիրակոսյանը ներկայումս զբաղեցնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը և իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները։

Նկատենք, որ նախկինում կառավարության աշխատակազմը հանրային հետաքրքրություն ներկայացնող նման հարցը չէր համարել անձնական տվյալ ու հրապարակել էր աշխատանքից ազատելու կամ նշանակելու միջնորդություն նախագահին ներկայացնելու մասին տեղեկությունը։ Այս պարագայում հանկարծ որոշեցին դա ներկայացնել որպես անձնական տվյալ, ինչից հետեւում է, որ դիմումը ներկայացվել է, բայց դեռ վերջնական որոշում չկա»,- դեռեւս 2024 թվականի սեպտեմբերին գրել էր «Փաստինֆո»-ն։

Share This