Կետիկփաշայի Ս․ Հովհաննես եկեղեցին հատուցում է ստացել իր երբեմնի առգրավված տարածքների դիմաց

Ստամբուլի Կետիկփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցին երկարատեւ դատական պայքարից հետո, կարողացել է ապացուցել իր իրավունքները եւ հետ է ստացել անցյալում առգրավված կալվածքները։ Այս մասին հայտնում է պոլսահայ «ԱԿՕՍ»-ը։ Ըստ հրապարակման, նոյեմբերի 17-ին, եկեղեցում տեղի ունեցած Պատարագի արարողության ավարտին այս մասին հայտարարել է Պոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Տեղապահը ասել է, որ եկեղեցին վերստացել է կալվածքների հանդեպ իր իրավունքները եւ նաեւ ստանալու է փոխհատուցում Ստամբուլի քաղաքապետարանից։
Թաղական խորհրդի ղեկավար Հարություն Շանըլն էլ հայտարարել է, որ դատական հայցի շահումը եկեղեցու գործունեության վրա բարերար ազդեցություն է գործելու։ Մասնավորապես, կրթաթոշակ ստացող 130 անձանց թիվը նախ հասցվելու է 140-ի եւ ապա նաեւ բարձրացվելու է կրթաթոշակի քանակը։ Շանըլը նաեւ նշել է, որ Ստամբուլի քաղաքապետ Իքրեմ Իմամօղլուի հետ ձեռք է բերվել համաձայնություն, որով հատուցումը պետք է ստանա մաս առ մաս, քանի որ ընդհանուր գումարը փոխհատուցման ութ միլիոն թուրքական լիրա է եւ միանգամից այդքան գումարի փոխանցումը դժվարություն է նաեւ Ստամբուլի քաղաքապետարանի համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )