ԳՀՎ առնվազն 7 աշխատակից կասկածվում է բուլղարացի ձեռնարկատիրոջ թունավորման մեջ
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) առնվազն յոթ աշխատակից մասնակցել է բուլղարացի ձեռնարկատեր Յեմելյան Գեբրեվի, նրա որդու և ընկերության տնօրենի թունավորման գործին, ասվում է The Insider, Bellingcat և Der Spiegel պարբերականների իրականացրած հետաքննությունից։
Հատուկ ծառայությունների աշխատակիցներին հնարավոր է եղել հայտնաբերել օտարերկրյա անձնագրային տվյալների միջոցով, գրում է ռուսական «Կոմերսանտը»։
Թունավորման դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին։ Երեք թունավորվողներն էլ տարբեր վայրերում են գտնվել, երբ վատացել է վերջիններիս ինքնազգացողությունը։ Գործարարի օրգանիզմում հայտնաբերվել է «նովինչոկ» դասին պատկանող նյարդապարալիտիկ նյութ։
2019 թվականին արված տեսագրություններում հայտնաբերվել է ԳՀՎ սպա Դենիս Սերգեևը։ Կան ենթադրություններ, որ վերջինս մասնակցել է նաև Սկրիպալների թունավորման գործին։
Հետազոտողների խմբին հաջողվել է պարզել գործարարի թունավորմանը հնարավոր մասնակից անդամների անուններ։ Նրանք բոլորն էլ տարբեր ժամանակներում եղել են Բուլղարիայում։ Ութից մեկը մայիսին է ժամանել Բուլղարիա, այսինքն՝ արդեն թունավորումից հետո, սակայն այդ ընթացքում ձեռնարկատերը կրկին իրեն վատ է զգացել։
Գեբրեվի թունավորման պատճառները հայտնի չեն։ Նշվում է, որ վերջինս զբաղվել է զինամթերքի արտահանմամբ։ Հայտնի է, որ 2008 թվականին Վրաստանին պատերազմի ժամանակ զենք է մատակարարել, սակայն ըստ գործարարի, խոսքը քիչ թվաքանակի մասին է։
Վարկածներից մեկի համաձայն՝ Մոսկվայում նրան կարող էին դասել Սիրիայում ամերիկյան դաշնակիցներին զենք վաճառողների շարքին, սակայն ձեռնարկատիրոջ պնդմամբ՝ նա նման գործունեություն չի ծավալել։
