Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 17-ին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին, որին, ըստ մամուլի հրապարակումների, անձամբ մասնակից էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հեղափոխությամբ պաշտոնը ստանձնած մարզպետը ստիպված եղավ հրաժարական տալ պաշտոնից՝ սպային դաժան ծեծի ենթարկելուց հետո:
Սպայի ընկերներն ու հարազատները պնդում էին, որ մարզպետը նույնպես մասնակցել է այդ միջադեպին: Նշենք, որ դեպքից հետո տեւական ժամանակ Արա Մխիթարյանը գտնվում էր կոմայի մեջ: Լրատվամիջոցների հետ զրույցներում նրա ընկերներն ու հարազատները, դեպքից իրազեկ աղբյուրներն ասում էին՝ «մինչ բժիշկները պայքարում են Արա Մխիթարյանի կյանքը փրկելու համար, մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը եւ լուրեր տարածել, թե միջադեպին Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է»:
«Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի եւ Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ գործի քննությունն այլ ընթացք է ստանում, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նրան զրպարտում են, խաղում են բարի համբավի, սպայի արժանապատվության հետ: Թող չասեն, թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլեւս չի գործում, գործում է ավելի ուժեղ: Երկու փոխգնդապետներ իրենց ցուցմունքում ասել են, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին: Փորձում են անունը մաքրել, ասում են՝ Տրդատ Սարգսյանը քնած է եղել, ո՛չ, ներկա է եղել, էլ չեմ ուզում ասել, որ մարզպետը հարվածել է փոխգնդապետին, ընդ որում, նա եղել է զինվորական համազգեստով: Հիմա մարզպետի անունը մաքրում են»,- ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նշել էր աղբյուրը:
