Գյումրու դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին ներկայացրեց Անտոնիո Բուերո Վալյեխոյի պիեսի վրա հիմնված «Խավարի առաքյալները» դրաման
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին ներկայացրեց Անտոնիո Բուերո Վալյեխոյի «Բոցավառ խավարում» պիեսի վրա հիմնված «Խավարի առաքյալները» հոգեբանական դրաման՝ 2 գործողությամբ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է «Ambion.news»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ «Խավարի առաքյալները» ներկայացումը ստեղծվել է իսպանացի գրողի «Բոցավառ խավարում» պիեսի հիման վրա: «Թեման խորապես հուզական է՝ անդրադառնում է կույր երեխաների կյանքին, բայց, միաժամանակ, ուղղված է տեսնող մարդկանց, ովքեր հաճախ չեն տեսնում ճշմարտությունը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ թեման պահանջում էր զգուշավոր և խորը մոտեցում:
Ներկայացման մեջ ընդգրկված են թե՛ թատրոնի փորձառու դերասանները, թե՛ երիտասարդ արտիստները: «Երիտասարդների ներգրավումը կարևոր է ինչպես դերասանական, այնպես էլ ստեղծագործական թիմի տեսանկյունից»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Արտուշ Միքայելյանին (ռեժիսորի ասիստենտ), Հակոբ Պողոսյանին (նկարչական ձևավորում), Լուսինե Խաչատրյանին (զգեստների ձևավորում) և Արինա Արարատյանին (պարերի բեմադրություն):
Առաջնախաղն անցավ մեծ ոգևորությամբ ու երկարատև ծափերով, ինչը խոսում է այն մասին, որ գյումրեցի խստապահանջ հանդիսատեսը բարձր գնահատեց ներկայացումը, որը խոստանում է ունենալ երկար ու հաջող ճանապարհ:

