Սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն ավելի արագ ազատվել ավելորդ քաշից
Ավելորդ քաշի դեմ պայքարն ու դիետաները շատերի մոտ ասոցացվում են սննդի խիստ սահմանափակումների, քաղցի զգացման և ինտենսիվ մարզումների հետ, սակայն մասնագետները նշում են, որ իրականում այս խնդրից կարելի է հեշտությամբ ազատվել անգամ բավական հարուստ սննդակարգի դեպքում։ Սննդաբանների խոսքով՝ նիհարել կարելի է նաև առանց քաղցի զգացման, սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է իմանալ, թե ինչ է պետք ուտել։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք կօգնեն ավելի արագ ազատվել ավելորդ քաշից և թույլ չեն տա քաղցած մնալ։
Խնձոր
Այս միրգը հիանալի այլընտրանքային տարբերակ է քաղցր թխուկների ու բլիթների փոխարեն ուտելու համար։ Այն ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։ Մեկ խոշոր խնձորը պարունակում է մոտ 5 գրամ մանրաթելեր և վիտամին С-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 14%-ը։
Ավոկադո
Այս յուրահատուկ միրգը պարունակում է հսկայական քանակությամբ օգտակար ճարպեր, որոնք անփոխարինելի են օրգանիզմի համար։ Բացի այդ, այն շատ սննդարար է և օգնում է արագ հագենալ՝ երկար ժամանակով ազատելով քաղցի զգացումից։
Բուլղարական պղպեղ
Անկախ գույնից այս բանջարեղենը հարուստ է հանքանյութերով, վիտամիններով ու մանրաթելերով և միևնույն ժամանակ պարունակում է շատ քիչ կալորիա։ Բացի այս բուլղարական պղպեղն «ունիվերսալ» մթերք է, որը կարելի է ուտել թարմ վիճակում, ավելացնել աղցաններին, շոգեխաշել, տապակել, խորովել կամ լցոնել տարբեր միջուկներով։
Կաղամբ
Կաղամբը շատ տարածված մթերք է և այն սննդակարգի մասը դարձնելը կարող է շատերի համար ձանձրալի թվալ, սակայն այս բանջարեղենը կարելի է կիրառել բազմաթիվ աղցանների պատրաստման համար, որոնք ոչ միայն չեն ձանձրացնի, այլև շատ ավելի հետաքրքիր ու բազմազան կդարձնեն սննդակարգը։ Բացի այդ, կաղամբը կարելի է շոգեխաշել, պատրաստել ջեռոցում և առհասարակ համադրել ամենատարբեր մթերքի հետ՝ ստանալով նոր համեղ ու օգտակար ուտեստներ։
