Ադամանդներն ի վիճակի են օգնել խուսափել Երկրի վրա գլոբալ աղետից. հետազոտություն

Ադամանդները, ավելի ճիշտ ադամանդի փոշին կարող է լուծել Երկրի վրա կլիմայի փոփոխության խնդիրը։ Գիտնականները նորարարական միջոց են հայտնաբերել մեր մոլորակի ջերմաստիճանը նվազեցնելու և նման կերպ գլոբալ տաքացումը հետ շրջելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Geophysical Research Letters հանդեսում, գրում է IFLScience-ը։

Նոր հետազոտության հեղինակներն առաջարկում են տարեկան 5 միլիոն տոննա ադամանդի փոշի մղել Երկրի մթնոլորտ։ Դա կօգնի նվազեցնել գլոբալ ջերմաստիճանը 1,6 աստիճանով, ինչը մեծ խնդիր է, եթե հաշվի առնենք, որ աշխարհն արդեն գերազանցել է Փարիզի համաձայնագրով սահմանված 1,5 աստիճան տաքացման շեմը, հայտնում է «Ֆոկուս»-ը։ Դա համաձայնագիր է, որը 2020 թվականից կարգավորում է Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի կրճատման միջոցառումները։

Երկրաճարտարագիտական միջոցով գիտնականները փորձում են մեղմել գլոբալ տաքացման հետևանքները՝ կառավարելով բնականոն բնապահպանական գործընթացները: Երկրաճարտարագիտության տեսակներից մեկը Երկրագնդի ստրատոսֆերա աերոզոլների ներարկումն է: Դա ներառում է հսկայական քանակությամբ մանր մասնիկների կամ աերոզոլների ներմուծում մեր մոլորակի մթնոլորտի երկրորդ շերտ՝ արևի լույսը շեղելու և սառեցնող էֆեկտ ստեղծելու համար: Դա կա՛մ պետք է դանդաղեցնի, կա՛մ հետ շրջի գլոբալ տաքացման գործընթացը: Սովորաբար այս տեսակի երկրաճարտարագիտությունը ներառում է ծծմբի մասնիկների օգտագործումը: Սակայն այս գործընթացն ի վիճակի է ստրատոսֆերային տաքացում առաջացնել:

Ուստի գիտնականները որոշեցին ուսումնասիրել՝ ինչպես կարող են այլ աերոզոլներ օգնել մեղմելու կամ նույնիսկ հետ շրջելու գլոբալ տաքացման գործընթացը: Ստեղծվել է կլիմայական մոդել՝ մոդելավորելու համար՝ ինչպես են տարբեր մասնիկներից կազմված աերոզոլներն իրենց դրսևորում մթնոլորտում։ Դիտարկվել են ալյումինի, կրածնաքարի (կալցիտի), սիլիցիումի կարբիդից, ռուտիլից, ինչպես նաև ադամանդի և ծծմբի երկօքսիդի աերոզոլները:

Մոդելը ծրագրավորվել է հաշվի առնելու համար, թե յուրաքանչյուր նյութ որքան լավ է կլանում կամ արտացոլում ջերմությունը: Այն միաժամանակ հետազոտել է, թե երկար մասնիկները որքան կարող են մնալ մթնոլորտում և խուսափել մեկ տեղում կուտակվելուց: Կատարելատիպն այն է, որ աերոզոլները դանդաղորեն կհեռանան մթնոլորտից՝ դրանով իսկ սառեցնելով մոլորակը և խուսափելով մեկ վայրում չափից ավելի կենտրոնացումից, ինչը կարող է առաջացնել ջերմաստիճանի բարձրացում՝ ջերմությունը կուտակելու հաշվին:

Մոդելավորումը ցույց է տվել, որ այս դեպքում ավելի լավ է օգտագործել ադամանդի փոշին։ Ադամանդի մասնիկներն ավելի լավ են արտացոլում արևի լույսը, քան մյուս բոլոր աերոզոլները և սառեցնում մոլորակը:

Սակայն կա մեկ մեծ խնդիր: Համաշխարհային ջերմաստիճանը 1,6 աստիճանով նվազեցնելու համար տարեկան մոտավորապես 5 միլիոն տոննա ադամանդի փոշի պետք է ներմուծվի մթնոլորտ: Գիտնականները հաշվարկել են, որ 21-րդ դարի վերջում դա կարժենա մոտավորապես 200 տրիլիոն դոլար: Համեմատության համար՝ 2023 թվականին ամբողջ աշխարհի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 105,44 տրիլիոն դոլար։

Գիտնականները միաժամանակ նշում են, որ դեռևս պետք է պարզել՝ե արդյոք հնարավոր է նույնիսկ մասնիկները մթնոլորտ ուղարկել առանց դրանց մի վայրում կենտրոնանալու: Մինչ այժմ, ըստ մոդելավորման, ծծմբի երկօքսիդի ոչ պինդ մասնիկները դրանից ավելի լավ են գլուխ հանում:

Share This