Արհեստական ​​բանականությունն ընդունա՞կ է արդյոք առանց մարդու միջամտության բարելավել սեփական հնարավորությունները

Գիտնականները նոր թեստեր են մշակել՝ պարզելու համար՝ արհեստական ​​ բանականության (AI) գործակալներն ընդունա՞կ են արդյոք առանց մարդու միջամտության փոխելու սեփական ծածկագիրն ու բարելավել դրա հնարավորությունները:

Արդյունավետության «MLE-bench» կոչվող նոր թեստը (benchmark) 75 թեստերից բաղկացած շարք է՝ Kaggle տվյալների վերլուծության վիրտուալ հարթակից, որոնցից յուրաքանչյուրն ինժեներական աշխատանքը մեքենայական ուսուցման ոլորտում փորձարկող մարտահրավեր է: Այդ աշխատանքը ներառում է արհեստական ​​ բանականության մոդելների ուսուցում, տվյալների շտեմարանների պատրաստում և գիտական ​​փորձերի անցկացում, իսկ Kaggle թեստերը չափում են, թե մեքենայական ուսուցման ալգորիթմները որքան լավ են գլուխ հանում կոնկրետ առաջադրանքներից:

OpenAI-ի գիտնականները մշակել են MLE-bench-ը՝ չափելու համար, թե արհեստական  բանականության մոդելները որքան լավ են գլուխ հանում «ինքնավար մեքենայական ուսուցման նախագծումից». դա ամենադժվար փորձարկումներից մեկն է, որի հետ կարող է բախվել արհեստական բանականությունը: Գիտնականները նոր մշակման մասին մանրամասներ են շարադրել arXiv preprint տվյալների բազայում հրապարակված հոդվածում:

Հետազոտողների համոզմամբ՝ MLE-bench-ում ներառված 75 թեստերում բարձր արդյունքներ ապահոված ցանկացած ապագա արհեստական ​​ բանականություն կարող է համարվել բավական հզոր՝ դառնալու համար ​​ընդհանուր նշանակության արհեստական բանականություն (AGI)՝ հիպոթետիկ արհեստական բանականություն, որը մարդուց անհամեմատ խելացի կլինի:

75 MLE թեստերից յուրաքանչյուրն իրական գործնական արժեք ունի: Օրինակները ներառում են OpenVaccine խնդիրը՝ գտնելու համար ինֆորմացիոն ՌՆԹ (mRNA) պատվաստանյութ COVID-19-ի դեմ և հնագույն ձեռագրերը վերծանելու համար Vesuvius Challenge:

Եթե​​ արհեստական  բանականության գործակալները սովորեն ինքնուրույն մեքենայական ուսուցման հետազոտական ​​առաջադրանքներ կատարել, դա կարող է ունենալ բազմաթիվ դրական հետևանքներ, օրինակ, կարագացնեն գիտական ​​առաջընթացն առողջապահության, կլիմայագիտության և այլ ոլորտներում, գրում են գիտնականներն իրենց աշխատության մեջ: Իսկ եթե միջոցներ չձեռնարկվեն, դա կարող է հանգեցնել աղետի, հավելել են գիտնականները:

Share This