Արհեստական բանականությունն ընդունա՞կ է արդյոք առանց մարդու միջամտության բարելավել սեփական հնարավորությունները
Գիտնականները նոր թեստեր են մշակել՝ պարզելու համար՝ արհեստական բանականության (AI) գործակալներն ընդունա՞կ են արդյոք առանց մարդու միջամտության փոխելու սեփական ծածկագիրն ու բարելավել դրա հնարավորությունները:
Արդյունավետության «MLE-bench» կոչվող նոր թեստը (benchmark) 75 թեստերից բաղկացած շարք է՝ Kaggle տվյալների վերլուծության վիրտուալ հարթակից, որոնցից յուրաքանչյուրն ինժեներական աշխատանքը մեքենայական ուսուցման ոլորտում փորձարկող մարտահրավեր է: Այդ աշխատանքը ներառում է արհեստական բանականության մոդելների ուսուցում, տվյալների շտեմարանների պատրաստում և գիտական փորձերի անցկացում, իսկ Kaggle թեստերը չափում են, թե մեքենայական ուսուցման ալգորիթմները որքան լավ են գլուխ հանում կոնկրետ առաջադրանքներից:
OpenAI-ի գիտնականները մշակել են MLE-bench-ը՝ չափելու համար, թե արհեստական բանականության մոդելները որքան լավ են գլուխ հանում «ինքնավար մեքենայական ուսուցման նախագծումից». դա ամենադժվար փորձարկումներից մեկն է, որի հետ կարող է բախվել արհեստական բանականությունը: Գիտնականները նոր մշակման մասին մանրամասներ են շարադրել arXiv preprint տվյալների բազայում հրապարակված հոդվածում:
Հետազոտողների համոզմամբ՝ MLE-bench-ում ներառված 75 թեստերում բարձր արդյունքներ ապահոված ցանկացած ապագա արհեստական բանականություն կարող է համարվել բավական հզոր՝ դառնալու համար ընդհանուր նշանակության արհեստական բանականություն (AGI)՝ հիպոթետիկ արհեստական բանականություն, որը մարդուց անհամեմատ խելացի կլինի:
75 MLE թեստերից յուրաքանչյուրն իրական գործնական արժեք ունի: Օրինակները ներառում են OpenVaccine խնդիրը՝ գտնելու համար ինֆորմացիոն ՌՆԹ (mRNA) պատվաստանյութ COVID-19-ի դեմ և հնագույն ձեռագրերը վերծանելու համար Vesuvius Challenge:
Եթե արհեստական բանականության գործակալները սովորեն ինքնուրույն մեքենայական ուսուցման հետազոտական առաջադրանքներ կատարել, դա կարող է ունենալ բազմաթիվ դրական հետևանքներ, օրինակ, կարագացնեն գիտական առաջընթացն առողջապահության, կլիմայագիտության և այլ ոլորտներում, գրում են գիտնականներն իրենց աշխատության մեջ: Իսկ եթե միջոցներ չձեռնարկվեն, դա կարող է հանգեցնել աղետի, հավելել են գիտնականները:
