Նամակը «Ռուսաց թագավորին». ինչպես պատժվեց Ալեքսանդրապոլի ոստիկանապետ-քաղաքապետը
Արևելյան Հայաստանը ռուսական կայսրության կազմում հայտնվելուց հետո պարսկական ու թուրքական տիրապետությունից ազատագրված հայ բնակչությունը զարգացման նոր հնարավորություն է ստանում իր պատմական հողի վրա։
Սակայն նոր իրավիճակին հարմարվելու գործընթացը հարթ չի ընթանում՝ հատկապես սոցիալ-տնտեսական առումով:
1830-ականների վերջերին ու 1840-ականների սկզբներին ցարական կառավարությունը որոշում է վերակազմավորել հին հարկային համակարգը: Վերանայվում են հարկերն ու տուրքերը: Այս ռեֆորմը դժգոհություններ է առաջացնում նաև կայսրության կազմում նոր ընդգրկված տարածքներում՝ հատկապես Հարավային Կովկասի քաղաքներում:
Քանի որ ցարական կառավարությունը պահպանել էր քաղաքային կազմակերպությունների և համքարությունների կողմից երկրի կառավարիչներին դիմելու իրավունքը, կայսրության պետական չինովնիկների գրասենյակները ողողվում են բողոք-խնդրանքներով՝ թուլացնել հարկային քաղաքականությունը։
Հատկանշական է, որ բողոք-խնդրանքներ գրվել են ոչ միայն տեղական կառավարիչներին, այլ նաև անձամբ կայսրին։ Այդպիսի հանդուգն նախաձեռնությամբ հանդես են գալիս որպես քաղաք նոր-նոր ձևավորվող Գյումրու հին բնակիչները։ Նիկոլայ 1-ինին ուղղված նամակը գրվում է 1837թ․-ի դեկտեմբերի 6-ին:
Այդ տարիներին անմիջապես ցարին բողոք-նամակ գրելը կարելի է համարել գավառական միամտության ու պարզունակության դրսևորում, որն անգամ կարելի է գնահատել հանդգնություն։ Գավառական պարզության մասին է խոսում հատկապես բուն նամակի ձևն ու ոճը։ Այն գրված է կոշտ թղթի կտորի վրա, այն դեպքում, երբ կայսրին նամակները գրվում էին կայսերական զինանշանով թղթի վրա։ Այդ բողոք-խնդրագրում օգտագործվել է Դու դիմելաձևը՝ Ձեր-ի փոխարեն։ Տպավորություն է, որ անմիջապես ցարին նամակ գրելու միտքը հղացել է այն հանգամանքի բերումով, որ ընդամենը 2 ամիս առաջ Նիկոլայ 1-ին կայսրն անձամբ այցելել էր Գյումրի, հետևել ամրոցի շինարարությանը, Գյումրի գյուղին տվել էր քաղաքի կարգավիճակ և այն անվանակոչել Ալեքսանդրապոլ: Հավանաբար գյումրեցիները որոշել են, որ եթե ցարն իր այցելությամբ պատվել է այդ քաղաքը, ապա կարելի է շրջանցել բյուրոկրատական ապարատը ու հարցերը լուծել անձամբ ցարի հետ:
Նամակում գյումրեցիները բողոքում են թե՛ բարձր հարկերի ու տուրքերի դեմ, թե՛ Գյումրին կառավարելու համար նշանակված ոստիկանապետի ապօրինությունների դեմ: Նամակում ասված է.
«Թող հայտնի լինի Քո կայսերական մեծությանդ, որ մենք Գյումրեցիներս Ցիցիանովի ժամանակ միահոգի և միաբան ընդունել ենք Քո պետության հպատակությունը։ Այդ ժամանակից սկսած մեր դրությունն այնպես է, որ կարծես մենք գերված ու քշված ենք Թեհրան, մեր մեռելներ մնում են առանց թաղելու, որովհետև «զինվորների հետ զինվորություն ենք անում» (այսինքն լինում ենք զինվորական ծառայության մեջ), «կազակի հետ՝ կազակություն»:
Ապա, թող հայտնի լինի Քո կայսերական մեծությանը, որ մինչ օրս Գյումրին գյուղ էր, իսկ այժմ դարձել է քաղաք, ուստի մենք կրում ենք և՛ գյուղական, և՛ քաղաքային պարտականությունները: Մեր գլխավոր ցավը կայանում և նրանում, որ Քո պետի այսինքն Քո նշանակած պետի համար հերկում ենք, հնձում, կալսում և հացահատիկը շտեմարան հասցնում: Բացի այդ, տարեկան նրան վճարում ենք 40 չետվերտ ցորեն: Հացից զատ, մենք տալիս ենք նրան տարեկան 6 փութ ձեթ և 6 փութ կովի յուղ:
Պետի համար մեր կատարած պարտավորությունները ծանր է բոլոր մյուս պարհակներից։ Նա մեզ նույնիսկ կառավարչական բակը չի թողնում:
Մենք մինչ այժմ չեինք իմացել, որ Դու այդքան ողորմած ես՝ այժմ ենք միայն իմացել, որ Քո բարեսրտությունն անսահման եւ ի սեր «Աստծո փառքի», և ի սեր Քրիստոսի, անհետևանք մի թողնիր մեր խնդիր-բողոքը: Իմացիր այժմ, որ մենք ամբողջ «հին գյումրիաբնակ ժողովուրդը» ոստիկանության ձեռքում գտնվում ենք ստրկական դրության մեջ:
Մեր տգիտության պատճառով մենք քիչ (այսինքն ոչ ամենը) գրեցինք, բայց Դու «շատ» հասկացիր»:
Նամակի տակ ստորագրել են 20 գյումրեցիներ, որոնց անունները, ցավոք, չի պահպանվել։
Առավել ուշագրավ է նամակի ճակատագիրն ու կենտրոնական իշխանությունների արձագանքը: Արխիվային նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նամակը, բնականաբար, կայսրին չի հասնում։ Դրա բովանդակությանը ծանոթանում են Կովկասի փոխարքայության գլխավոր վարչությունում։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց նամակում բարձրաձայնված բողոքին ընթացք է տրվում։
Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ է նշանակում, միայն հիշեցնենք, որ այդ թվականներին Ռուսաստանում դեռ պահպանվում էին ճորտատիրական կարգերը։ Ու այս պարագայում բարձրագույն ղեկավարությունը արձագանքում է կայսրության ամենածայրամասային գավառային գյուղաքաղաքներից մեկի բնակիչների բողոքին։
Կովկասի փոխարքայության գլխավոր վարչությունը նշանակում է քննություն քաղաքը կառավարող ոստիկանապետի գործունեության հետ կապված։ Թեև ֆորմալ տեսանկյունից ոստիկանապետը արդարացվում է, բայց նրան հեռացնում են պաշտոնից։
Այսպիսով` գյումրեցիների՝ «Նամակ ռուսաց թագավորին» օպերացիան, կարելի է ասել, հասնում է իր նպատակին։
Դերենիկ Մալխասյան
