Կոլխիցինը ունակ է կանխելու ոչ միայն նոպաների առաջացումը, այլ նաև հիվանդության բարդությունը։ Գրիգորյան
« Ամբիոն նյուզ»-ի հարցերին պատասխանում է բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ- ռևմատոլոգ Տաթևիկ Գրիգորյանը
– Ի՞նչ է իրենից ներկայացնում պարբերական հիվանդությունը, և որո՞նք են այն հիմնական ախտանիշները, որոնցով սովորաբար ուղեկցվում է։
– Պարբերական հիվանդությունը կամ միջազգային անվանմամբ՝ ընտանեկան միջերկրածովյան տենդը, ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը բնորոշվում է պարբերաբար կրկնվող սուր բորբոքային նոպաներով։
• Հիվանդության ամենաբնորոշ դրսևորումներն են պարբերաբար առաջացող որովայնի և/կամ կրծքավանդակի ցավերը, որոնք սովորաբար ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, տևում են մի քանի օր, այնուհետև, նույնիսկ առանց որևէ միջամտության, անցնում են։ Որոշ ժամանակ անց նոպաները կրկին կարող են կրկնվել։
• Այլ ախտանիշներից են հոդացավը, հոդերի այտուցը և մաշկային դրսևորումները՝ հատկապես սրունք-թաթային հոդերի շրջանում։
– Պարբերական հիվանդության դեպքում կոլխիցինով բուժումը ենթադրո՞ւմ է դեղամիջոցի ամենօրյա և երկարաժամկետ, այդ թվում՝ ողջ կյանքի ընթացքում ընդունում։
– Այո։ Ամբողջ աշխարհում պարբերական հիվանդության բուժման անկյունաքարը կոլխիցինն է։ Հակացուցումների բացակայության դեպքում այն նշանակվում է ախտորոշման պահից սկսած։ Բուժառուները պետք է այն ընդունեն ամեն օր, կանոնավոր՝ ողջ կյանքի ընթացքում։
Կոլխիցինը գերակշռող դեպքերում ունակ է կանխելու ոչ միայն նոպաների առաջացումը, այլև հիվանդության բարդությունների, հատկապես՝ երիկամների ախտահարման զարգացումը։
– Եթե հիվանդը որևէ օր մոռանում է ընդունել կոլխիցինի նշանակված չափաբաժինը, կարո՞ղ է դա բացասաբար անդրադառնալ նրա առողջական վիճակի վրա։ Իսկ հաջորդ օրը բաց թողնված չափաբաժինը լրացնելու համար արդյո՞ք անհրաժեշտ է կրկնապատկել դեղաչափը։
– Ինչպես նշեցի, կոլխիցինի արդյունավետության ամենակարևոր պայմանը կանոնավոր, ամենօրյա ընդունումն է։ Մեկ անգամ դեղաչափը բաց թողնելը սովորաբար լուրջ խնդիրներ չի առաջացնում, չնայած որոշ բուժառուներ նույնիսկ այդ դեպքում նկատում են ինքնազգացողության վատացում։ Սակայն դեղամիջոցի հաճախակի բացթողումները նվազեցնում են բուժման արդյունավետությունը, կարող են նպաստել նոպաների վերսկսմանը, բորբոքային ակտիվության բարձրացմանը և մեծացնել բարդությունների առաջացման վտանգը։
Եթե բուժառուն ինչ-ինչ պատճառով մոռացել է ընդունել կոլխիցինը, ապա բաց թողնված դեղաչափը չպետք է լրացնել հաջորդ օրը՝ ընդունելով կրկնակի դեղաչափ։ Նման մոտեցումը կարող է առաջացնել տոքսիկ երևույթներ և նույնիսկ հանգեցնել կոլխիցինային թունավորման։
– Կա՞ն սննդամթերքներ կամ ըմպելիքներ, որոնց օգտագործումը կոլխիցինի հետ համատեղ խորհուրդ չի տրվում կամ հակացուցված է։ Ի՞նչ սահմանափակումներ պետք է պահպանեն կոլխիցին ընդունող հիվանդները։
– Կոլխիցին ընդունող բուժառուների համար ընդհանուր առմամբ հատուկ սննդակարգ չի սահմանվում։ Սակայն կարևոր բացառություն է թուրինջը և թուրինջի հյութը։ Թուրինջը կարող է ազդել կոլխիցինի նյութափոխանակության վրա և բարձրացնել դեղամիջոցի կոնցենտրացիան արյան մեջ՝ մեծացնելով թունավորման վտանգը։
Բացի սննդից, շատ կարևոր է նաև կոլխիցինի փոխազդեցությունը որոշ դեղամիջոցների հետ, օրինակ՝ որոշ հակաբիոտիկների, հակասնկային դեղամիջոցների և այլ դեղերի։ Այդ պատճառով յուրաքանչյուր դեպքում բժիշկը պետք է տեղեկացված լինի բոլոր այն դեղամիջոցների մասին, որոնք բուժառուին նշանակվում են այլ խնդիրների կապակցությամբ։ Հատուկ զգուշություն է անհրաժեշտ նաև երիկամների և լյարդի ֆունկցիայի խանգարման դեպքում։
Եվ հավելեմ, որ յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում և իրականացնել շարունակական բժշկական հսկողություն ամբողջ կյանքի ընթացքում։
Անաստասիյա Հարությունյան
