Հային ու հայրենիքը դավաճանածները որևէ իրավունք չունեն արցախցիներին հիշեցնելու, թե ծրագրեր ենք անում․ Տիգրան Աբրահամյան
Արցախցիների դեմ իշխանության, դրանց արբանյակների գործողությունները վաղուց անցել են բարոյականության սահմանները: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հային ու հայրենիքը դավաճանած անձինք որևէ իրավունք չունեն արցախցիներին հիշեցնելու, թե սոցիալական ծրագրեր ենք անում, Հայաստանում տեղավորում կամ աշխատանք ենք տալիս:
Այդպիսի մարդկանց տեղը ոչ թե իշխանությունում է, այլ բանտում:
Ի՞նչ տարբերություն, թե հայը Ստեփանակերտում, Մեղրիում, Կապանում, Երևանում, թե Վանաձորում է ծնվել:
Հայկական պետությունը պետք է ապահովի և´ նրանց անվտանգությունը, և´ բնականոն կյանքն ու զարգացումը:
Արցախցիները 3 տասնամյակ եղել են բառիս բուն իմաստով ճակատում, իրենց ընտանիքներով վահան եղել հային ու նրա ճակատագրին` անկախ նրանից, թե այդ հայը ծնունդով որտեղից էր կամ որտեղ էր ապրում, իսկ իշխանության ներմուծած գարշելի բառապաշարը դուրս է որևէ կարգի տրամաբանությունից:
Արցախը թուրքացվեց, ոչ թե նրա համար, որ Արցախցին հանձնվեց, այլ որ նրա ապագան փաշինյանական իշխանությունը վաճառեց ու անհավասար մարտում միայնակ թողեց»:
