ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՄԱԿՐՈԷԿՈՆՈՄԻԿԱ. ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՆՈՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԻՋՈՒՄՆԵՐ, ՆՈՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ, ՆՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՈՒՄ

Որքան էլ տարօրինակ հնչի այս միտքը, սակայն այն գոյության իրավունք ունի` Հայաստանի տնտեսական կայունությունն ապահովելու համար անընդհատ պետք են պատերազմներ, տարածքային նորանոր զիջումներ, նոր փախստականներ: Ամեն ինչ սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Երեւան եկան արցախցի առաջին փախստականները, հետո Փաշինյանի անգործության կամ հանցավոր գործունեության արդյունքում փախստական դարձան Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզի բնակիչները, 2022 թվականի փետրվարին Հայաստան եկան Ռուսաստանի ռելոկանտները՝ մարդիկ, ովքեր դեմ էին պատերազմին կամ փախչում էին տնտեսական պատժամիջոցներից, 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստան եկան Ռուսաստանում իրականացվող զորահավաքից փախչողները, այդ թվում՝ մեծ թվով հայեր, մեկ տարի անց ամբողջությամբ դատարկվեց Արցախը, եւ Հայաստան եկան եւս 100 հազար փախստականներ: Պատերազմները եւ դրանց հետեւանքով առաջացող փախստականների հոսքը 4 տարի շարունակ ապահովում էր Հայաստանի տնտեսական ակտիվությունը, Երեւանում եւ մյուս քաղաքներում անշարժ գույքի մեծ պահանջարկ, որն էլ իր հերթին բերել էր բնակարանաշինության ծավալների էական աճի, տնտեսական ակտիվության եւ զարգացման իմիտացիայի:

Հիմա անշարժ գույքի շուկայում ոչ թե ստագնացիա է, այլ՝ խուճապ: Բրոքերներն ասում են, որ հատկապես երկրորդային շուկայում բնակարանների գների սրընթաց անկում է տեղի ունենում: Իմ ծանոթ բրոքերն ասում է, որ դեկտեմբերի սկզբին 100 հազար գնահատվող երկսենյականոց բնակարանը հիմա գնահատվում է 75 հազար դոլար, բայց նույնիսկ այս գնիջեցման պայմաններում պահանջարկ չկա՝ մարդիկ, ովքեր ուզում են բնակարան վաճառել, չեն կարողանում գնորդ գտնել: Ո՞վ կցանկանա բնակարան գնել մի երկրում, որտեղ պատերազմի սպառնալիքն ամենօրյա է, գրեթե ամենժամյա: Առաջնային շուկայում բնակարանների գների անկումը կանխվում է կառուցապատողների եւ բանկերի միջեւ ձեռք բերված հակամրցակցային պայմանավորվածությունների արդյունքում: Եթե առաջնային շուկայում եւս բնակարանների գներն ընկնեն, կառուցապատողները պետք է հայտարարեն իրենց սնանկացման մասին, որն իր հետ կբերի բանկային համակարգի կոլապսի:

Չնայած արդեն խոսակցություններ կան, որ որոշ կառուցապատողներ այլեւս չեն կարողանում ժամանակ ձգել եւ ուզում են գնալ սնանկացման: Շատ կառուցապատողներ զգալիորեն դանդաղեցրել են շինարարության տեմպը, աշխատողների աշխատավարձերի վճարումն ուշացվում է կամ անորոշ ժամանակով հետաձգվում:

Ծանոթ բրոքերն ասում է, որ անշարժ գույքի ոլորտին ամենամեծ վնասը հասցնում է Նիկոլ Փաշինյանը` իր հայտարարություններով եւ կանխատեսումներով: Ամեն անգամ, երբ նա հայտարարում է, որ Հայաստանում պատերազմի վերսկսման վտանգ կա, վաճառքներն էլ ավելի են ընկնում: Պատմում է, որ տարեսկզբին իր միջնորդությամբ բնակարանի ձեռքբերման շուրջ պայմանավորվածություն էր կայացել արտասահմանում ապրող մի հայի եւ տեղացի գնորդի միջեւ, բայց երբ Փաշինյանը, կարծեմ, Վիեննայում հայտարարեց, որ պատերազմի վերսկսման վտանգ կա, գնորդը զանգեց` հրաժարվեց գործարքից: Ասում էր, որ վախենում է գալ Հայաստան, որովհետեւ եթե Փաշինյանը մի բան է ասում, ուրեմն տեղեկություն ունի: Հիմա ինչպե՞ս հակառակը մարդուն համոզես, ապացուցես: Սա միայն մի օրինակ է, բայց դեպքերը բազմաթիվ են, մարդիկ Հայաստանը դիտարկում են հավանական պատերազմի գոտի, որտեղից պետք է հնարավորինս շուտ փախչել:

Ուկրաինայում բնակարանների գներն ընկել են ոչ թե 20-25 տոկոսով, այլ՝ 5-10 անգամ, կան մարդիկ, ովքեր նախկինում 100 հազար եվրո գնահատվող իրենց տունը պատրաստ են վաճառել 10 հազար եվրոյով, որովհետեւ վաղն այդ բնակարանի վրա կարող է ռուսական հրթիռ ընկնել, ու այն ընդհանրապես ոչնչանա` ումի՞ց փոխհատուցում պահանջես: Միլիոնավոր մարդիկ փախել են Եվրոպա եւ մտադիր էլ չեն վերադառնալ Ուկրաինա, անգամ պատերազմից հետո, նրանց համար Ուկրաինան այլեւս կորած պետություն է: Բայց երբ պատերազմը նոր էր սկսվել, ու Ռուսաստանն արեւելքից գրոհում էր, ուկրաինացիների մի մասը փախչում էր Լվով, Ուժգորոդ, Արեւմուտքի մյուս քաղաքներ, որտեղ առավել անվտանգ էր: Այնտեղ բնակարանների գները թանկացել էին անգամ նախապատերազմյան գներից: Մարդիկ բողոքում էին, թե ինչպես կարելի է օգտվել մարդկանց դժբախտությունից, դրա վրա փող աշխատել: Բայց բարոյականության քարոզներով հնարավոր չէ մարդու մոտ սպանել հարստանալու, փող աշխատելու մոլուցքը: Մեկի վրա դա կազդի, 10-ի, 20-ի վրա` ոչ: Նույն պատկերն էր Ստեփանակերտում 44-օրյա պատերազմից հետո, երբ Շուշիից, Հադրութից, Լաչինից եւ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված այլ գյուղերից փախածներն ապաստան էին գտել Ստեփանակերտում, այնտեղ ազատ բնակարան չկար, բնակարանի գներն ու ամսավարձը հասել էին երեւանյանին:

Փաշինյանի իշխանությունը հաշվում է, որ եթե Ադրբեջանին նոր տարածքներ են հանձնում, նոր գյուղեր ու քաղաքներ են հայտնվում թշնամու նշանառության տակ, հազարավոր մարդիկ սկսում են մտածել, թե ուր են փախչելու, երբ այլեւս իրենց տանն ապրելն անվտանգ չլինի, ու բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Երեւան: Մարդիկ մտածում են, որ եթե իշխանությունն իրենց փոխհատուցում տա, ինչի չէ՝ կարելի է գալ եւ ապրել Երեւանում։ «Լավ լուծում չի, բայց ջհանդամը, այդպես էլ կարող է լինել»․ նրանց այդպես մտածել է սովորեցնում Փաշինյանը: Ինքն էլ Արեւմուտքից հերթական անգամ ֆինանսական աջակցություն կխնդրի` փախստականների կարիքները հոգալու համար, մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ-ն կտա, մի այդքան՝ Եվրոպան, գուցե` Ճապոնիան, մի մասը փախստականներին կբաժանի, մյուս մասն իր իշխանությունը կյուրացնի: Երեւանում էլ բնակարանների պահանջարկը կավելանա, փախստականներին վարձով բնակարան է պետք, իսկ եթե վարձով բնակարանի պահանջարկ կա` այդ գործից եկամուտ կա, բնակարանների գներն էլ բարձր են: Ահա եւ քեզ տնտեսական ակտիվությունը բարձր պահելու եւ տնտեսական աճ ցույց տալու ամենահեշտ միջոցը: Մինչեւ Երեւանն էլ կարժանանա Ստեփանակերտի ճակատագրին: Բայց դե՝ աշխարհը հո Երեւանով չի՞ ավարտվում:

Ավետիս Բաբաջանյան

Share This