Մալաթիա-Սեբաստիայում տեղադրված նստարանները չեն համապատասխանում նախագծին․ Ավինյանը հանձնարարեց փոխարինել դրանք

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված տեռասային տախտակներով պատրաստված 75 նստարանների տեղադրումը չի համապատասխանում նախագծին, իսկ տախտակի որակը չի համապատասխանում պահանջված որակին և գնին։

Այս մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան  Ավինյանին:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ արտադրողի կողմից նախօրոք տրվել է տեղեկանք տախտակների մշակման փուլերի վերաբերյալ, սակայն տեղում ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նստարանները և տեղադրումը չեն համապատասխանում նախագծին։

Քաղաքապետը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել` դրանք վերականգնելու կամ փոխարինելու համար, նշեց` պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա:

«Պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք ունեք աշխատակիցներ, և ենթադրվում է, որ նրանք թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն: Նման գործելաոճը անընդունելի է մեզ համար։ Եթե երևանցիներն ինչ-որ բանի համար վճարում են, դրան պետք է պատասխանատվությամբ վերաբերվել»,- ասաց քաղաքապետը:

Քաղաքապետին զեկուցվեց, որ մատակարարը պարտավորվել է 20 օրում վերացնել թերությունները:

Share This