Թուրքիան նոտա է հղել ԱՄՆ-ին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան նոտա է հղել ԱՄՆ-ին` նշելով, որ քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կազմավորման ղեկավար Մազլյում Աբդիի հետ ցանկացած շփում Թուրքիայի համար անընդունելի է: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Այդ մարդն ահաբեկիչ է և Ինտերպոլի կողմից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Մեզ համար դա անընդունելի է, և դրա մասին մենք տեղեկացրել ենք ԱՄՆ-ին՝ նոտա հղելով»,- նշել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Վաշինգտոնի համար «արդեն սովորական է դարձել ահաբեկիչների հետ շփվելն ու երկխոսության մեջ մտնելը», մինչդեռ Անկարայի համար տարբերություն չկա «Իսլամական պետության», «Քրդական աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ), «Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» կամ գյուլենականների միջև:
Չավուշօղլուն եզրափակել է իր միտքը՝ նշելով, որ «եթե Թուրքիան սկսի ահաբեկիչներին ներկայացնել որպես օրինական գործիչներ», հաջորդ օրն ԱՄՆ-ն կսկսի բանակցություններ վարել անգամ «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի և մյուս ահաբեկիչների հետ:
