Երակների վարիկոզ լայնացում, կորացած մեջք, մաշկային խնդիրներ. ինչ հիվանդույթունների է հանգեցնում գրասենյակային աշխատանքը (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի գիտնականները ստեղծել են 20 տարի գրասենյակային աշխատանք կատարած կնոջ մոդել՝ ցույց տալու համար, թե ինչպես է նստակյաց կենսակերպն ու նմանատիպ աշխատանքն անդրադառնում մարդու առողջության վրա, գրում է Daily Mail-ը: Նախագծի մասին գիտնականները պատմել են YouTube տեսածառայությունում հրապարակված տեսանյութի միջոցով:
Այս գիտափորձի միջոցով գիտնականները փորձել են ցույց տալ, թե առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ երկար ժամանակ համակարգչի էկրանի առջև նստելն ու ֆիզիկական ակտիվությունից խուսափելը:
Մասնագետները հարցումներ են անցկացրել ֆրանսիացի, գերմանացի ու բրիտանացի ավելի քան երեք հազար գրասենյակային աշխատողի շրջանում և պարզել, թե որ հիվանդություններն են առավել հաճախ ախտորոշվում նրանց մոտ: Ամենատարածված գանգատների թվում էին մեջքի ու աչքերի ցավերը, ինչպես նաև միգրենները: Բացի այդ, հարցվածների մոտ հաճախ էին նկատվում տեսողական խնդիրներ, քաշի ավելացում և մի շարք այլ խանգարումներ:
Ստացված տվյալների հիման վրա մասնագետները ստեղծել են Էմմա անունով մոմե մի արձան, որին մասնագետներն «ապագայի գործընկեր» են անվանել: Այս արձանի միջոցով մասնագետները ցույց են տվել, թե ինչ կլինի մարդու օրգանիզմի հետ 20 տարի գրասենյակային աշխատանք կատարելուց հետո:
Էմմայի մոտ «ախտորոշվել» են կեցվածքի խանգարումներ, որոնք պայմանավորված են մշտապես սխալ դիրքով նստելու սովորությամբ, երակների վարիկոզ լայնացում արյան շրջանառության խանգարման հետևանքով և այտուցված դաստակներ ու ցան ձեռքերին մշտապես նույն շարժումներն անելու անհրաժեշտության պատճառով: Բացի այդ, բնական լույսի բացակայության հետևանքով Էմմայի մաշկը գունատվել է և ստացել հիվանդագին դեղնավուն երանգ, ֆիզիկական ակտիվության պակասը հանգեցրել է մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացման, իսկ գրասենյակի վատ օդի պատճառով նրա ականջների ու քթի մազածածկույթն ավելի խիտ է դարձել:
«Եթե մենք որևէ քայլ չձեռնարկենք, ապա նման կենսակերպն ամբողջությամբ կփոխի մեր արտաքին տեսքը», – նշել է նախագծի հեղինակներից մեկը՝ Ուիլիամ Հայեմը՝ ընդգծելով, որ մարդիկ պետք է ավելի քիչ ժամանակ անցկացնեն էկրանների առջև, քիչ նստեն, շատ շարժվեն և աշխատանքի ընթացքում պարբերաբար ընդմիջումներ անեն: «Էմմայի համար արդեն շատ ուշ է: Սակայն նրանք, ովքեր հիմա աշխատում են գրասենյակում, կարող են շատ բան անել իրենց կյանքը բարելավելու համար», – հավելել է նա:





