<<Փյունիկի>> նախկին դարպասապահ Տիգրան Խանջարյանի առաջին քայլերը երգարվեստում ու Թաթայի խորհուրդները
«Փյունիկի» նախկին դարպասապահ Տիգրան Խանջարյանը երգչի կարիերա է սկսել։ Նրա պրոդյուսինգով զբաղվում է երգահան Մարինա Թագակչյանը։ Վերջինս Tert.am Life-ին պատմեց, որ Տիգրանն այս ոլորտում առաջին քայլերը կանի «Սիրուն Երևան» երգով։
«20 տարի է՝ Տիգրանն ընտանիքի հետ ապրում է Բելգիայում՝ Բրյուսելում։ Նա խաղում էր տեղի ֆուտբոլային թիմում, հետո առաջարկ ստացավ լինել «Փյունիկ» խմբի դարպասապահը և եկավ Հայաստան, սակայն ուսի վնասվածքից հետո ստիպված էր թողնել սպորտը։ Տիգրանը շատ լավ է երգում, միշտ մտածել է երաժշտական կարիերայի մասին, սակայն գործնական քայլեր անելը ձգձգել է։ Իր հայրը՝ Արմեն Խանջարյանը, ևս երգել է, նույնիսկ զուգերգ ունի Աիդա Սարգսյանի հետ, երգը կոչվում է «Քարավան»»,- պատմեց Մարինան։
Երգահանի խոսքով՝ Տիգրանի համար որոշիչ է եղել այս ամառ Հայաստան գալը։
«Ամռանը նրանք եկել էին Հայաստան՝ իր տատիկի 60-ամյակին։ Միջոցառման ժամանակ Տիգրանը երգել է, ինչից հետո հաղորդավար Իվան Թաիրը սկսել է հարցուփորձ անել, թե որտեղ է երգում ու խորհուրդ է տվել լուրջ զբաղվել այդ աշխատանքով։ Այս ամենից ոգևորված Տիգրանն ինձ դիմեց, քանի որ շատ էր ուզում, որ իր երգը ես հեղինակեմ։ Ես էլ շատ ոգեշնչվեցի իր հետ հանդիպումից ու ծնվեց «Սիրուն Երևանը», այն քաղաքային ֆոլկլյոր է»,- ասաց երգահանը ու հավելեց, որ Տիգրանը շատ լավ է երգում, պարզապես փորձի կարիք ունի։

Մարինան պատմեց, որ ձայնագրման օրը ստուդիայում հանդիպել են Թաթա Սիմոնյանին, ում գնահատականը ևս ոգևորիչ է եղել իրենց համար. «Երբ Թաթային ցույց տվեցի երգը, այնքան հավանեց այն, որ ցանկացավ ձայնագրման ժամանակ էլ լսել այն, ուղղություն ցույց տվեց Տիգրանին, շտկումներ արեց, ինչը մեզ շատ ուրախացրեց, եթե իրեն դուր չգար, բնականաբար, չէր մնա»։
Մարինան հայտնեց, որ երգի հիման վրա տեսահոլովակ են նկարահանել, որը կներկայացնեն հաջորդ շաբաթ։ Տեսահոլովակում, որպես Երևանի խորհրդանիշներ, ներկայացված են մասնագիտությունները։
«Տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց պետի նկարեինք, այդ թվում՝ ֆուտբոլիստների։ Պայմանավորվածությունները ժամանակատար են, ու պատկերացրեք մեր ուրախությունն ու Տիգրանի հուզմունքը, երբ քաղաքային տեսարանների նկարահանման ժամանակ պատահաբար հանդիպեցինք հենց «Փյունիկի» տղաներին՝ ամբողջ թիմով ու հանպատրաստից նկարահանեցինք»,- պատմեց երգահանը։








