Աքաղաղն ու ներկերը․ հեքիաթ

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն: Այդպես աքաղաղը դուրս է գալիս զբոսնելու և նկատում, որ բոլորը  ծիծաղում են իր վրա, նույնիսկ՝ ճուտիկները։

– Ինչո՞ւ են նրանք ծիծաղում,- զարմացած հարցնում է աքաղաղը շանը։

– Դու ամբողջությամբ անգույն ես,- պատասխանում է շունը,- հապա քեզ նայիր։

Աքաղաղն արագ վազում է լճակի մոտ և ջրի մեջ նայում։ Իսկապես, շունը ճիշտ էր ասում։ Շա՜տ է տխրում աքաղաղը։

– Մի՛ տխրիր, գնա ներկերի մոտ, նրանք քեզ կօգնեն,- ասում է շունը:

– Ո՞ւր, ներկերի մո՞տ,-  հարցնում է աքաղաղը,- որտե՞ղ եմ ես նրանց գտնելու։

– Ես քեզ կսովորեցնեմ: Գնում ես ուղիղ, միայն ուղիղ, ոչ մի կողմ չես թեքվելու։ Կանցնես անտառներ, սարեր, գետեր և լճեր, կհայտնվես հեքիաթում ու կգտնես ներկերին։

Եվ գնում է աքաղաղը՝ ներկերին փնտրելու: Քայլում է ուղիղ և ուղիղ, քայլում է մութ անտառներով։ Ու թեև վախենում է, ցույց չի տալիս։ Ճանապարհին նրան  տեսնում են աղվեսի ձագերը և գոռում․

– Մայրի՛կ, մայրի՛կ, աքաղաղ է։

– Որտե՞ղ։

– Ահա այստեղ։

Մայր աղվեսը նայում է աքաղաղին ու ասում․

– Ոչ, այս աքաղաղը մեզ պետք չէ։

– Ինչպե՞ս թե, ինչո՞ւ պիտանի չէ։

– Նա ներկված չէ, նշանակում է՝ իրական աքաղաղ չէ։

Մինչ աղվեսները քննարկում էին դա, աքաղաղը շարունակում է առաջ գնալ։ Նա հանդիպում է սպիտակ նապաստակին և հարցնում` արդյո՞ք գիտի հեքիաթում ապրող ներկերի տեղը։ Նապաստակը պատասխանում է․

– Հեքիաթն ամենուր է, իսկ ներկերը շատ մոտ են։ Ես նրանց մոտից եմ վերադառնում, գնացել էի գունավորվելու։

– Գունավորվելու՞, ախր դու ամբողջովին սպիտակ ես։

– Մենք՝ նապաստակներս, ամռանը մոխրագույն ենք, իսկ ձմռանը՝ սպիտակ, որպեսզի գայլերը մեզ ձյան մեջ չգտնեն։

Սա ասելուց հետո նապաստակը ցույց է տալիս աքաղաղին ներկերի տունը։ Հասնելով գույնզգույն տանը՝ աքաղաղը թափահարում է թևերը և բացականչում․

– Կու-կա-րի-կու։

– Ո՞վ է,- լսվում է դռան հետևից։

– Ես եմ, աքաղաղը։

Տնից դուրս են գալիս  ներկերը և ասում․

– Ողջու՜յն, սիրելի՛ աքաղաղ, ինչո՞ւ ես եկել։

Աքաղաղը խոնարհվում է նրանց առջև և ասում․

– Խնդրում եմ, օգնեք ինձ։

– Իհարկե, ներս արի։

– Ես կօգնեմ քեզ,- ասում է կարմիր ներկն ու գունավորում աքաղաղի կատարը։ Կապույտը ներկում է աքաղաղի փետուրները, կանաչը՝ թևերը, դեղինը՝ մարմնի մնացած հատվածը։ Աքաղաղը նայում է հայելու մեջ և չի ճանաչում իրեն։ Այնքա՜ն էր գեղեցկացել։ Նա շնորհակալություն է հայտնում բարի ներկերին ու շտապում տուն։ Ճանապարհին ողջ անտառով մեկ երգում է․

– Կու-կա-րի-կու։

Նրան կրկին նկատում են աղվեսի ձագերը և ասում մորը․

– Մայրի՛կ, մայրի՛կ, աքաղաղը գալիս է։

– Մի՛ գոչեք։ Ես ձեզ ասացի, որ նա պիտանի չէ։

– Բայց նա իրական է։

Մայր աղվեսը տեսնում է աքաղաղին և արդեն ուզում էր բռնել, բայց արդեն ուշ էր։ Աքաղաղը փախել էր։ Նա հաջողությամբ վերադառնում է իր տուն։ Երբ շունը տեսնում է նրան, ասում է․

– Հիմա դու իրական աքաղաղ ես։

Այդ օրից սկսած այլևս ոչ ոք չի ծաղրում աքաղաղին։

 

Share This