Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել մեզը
Միզարձակության հետ կապված ցանկացած փոփոխություն կարող է պայմանավորված լինել որևէ հիվանդությամբ, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Նման դեպքերում առողջական խնդիրների մասին հուշող ամենատարածված ախտանշաններն են մեզի գույնի ու հոտի փոփոխությունը, ուստի մասնագետները հորդորում են զգոն լինել, ու ցանկացած կասկածելի փոփոխության դեպքում բուժզննում անցնել:
Մասնագետները ներկայացրել են մեզի հետ կապված այն փոփոխությունները, որոնք կարող են վկայել տարբեր հիվանդությունների մասին:
Մեզի մեջ արյան հետքերի առկայություն
Մեզի մեջ արյան առկայությունը կարող է պայմանավորված լինել բորբոքումներով: Եթե այս ախտանշանն ուղեկցվում է նաև միզարձակության ժամանակ անհանգստացնող ցավոտ զգացողություններով, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել միզապարկի վարակներով: Բացի այդ, արյան առկայությունը կարող է վկայել նաև երիկամների վարակների կամ միզաքարային հիվանդության, ինչպես նաև երիկամների քաղցկեղի, շագանակագեղձի քաղցկեղի կամ միզապարկի քաղցկեղի մասին, ուստի հարկավոր է շատ զգոն լինել ու չանտեսել խնդիրը:
Մեզի շագանակագույն երանգ
Մեզի շագանակագույն երանգի պատճառ կարող են դառնալ երիկամների հիվանդությունները կամ ցիստիտը: Բացի այդ, այս ախտանշանը կարող է հուշել նաև լյարդի գործառույթների խանգարման (լյարդի ցիռոզ, հեպատիտ), լեղաքարային հիվանդության կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքման մասին:
Մեզի դեղին երանգ
Մեզի վառ դեղին գույնը հաճախ համնդիպող ախտանշան է միզապարկի վարակների ու երիկամների հիվանդությունների դեպքում:
Փրփուր
Փրփրոտ մեզը սովորաբար պայմանավորված է լինում դրանում մեծ քանակությամբ սպիտակուցների առկայությամբ, սակայն այն կարող է վկայել նաև երիկամներից մեկի աշխատանքի խանգարման մասին: Նման դիսֆունկցիան կարող է պայմանավորված լինել երիկամի ուռուցքով, շաքարային դիաբետով կամ զարկերակային գերճնշմամբ:
Պղտոր մեզ
Մեզի նման փոփոխությունը կարող է պայմանավորված լինել միզուղիների վարակներով կամ սեռավարակներով, ուստի այս ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:
Սուր տհաճ հոտ
Որոշակի մթերքի գործածությունն ու հորմոնալ փոփոխությունները կարող են դառնալ մեզի սուր ու բավական տհաճ հոտի պատճառ, սակայն այս ախտանշանը կարող է կապված լինել նաև միզուղիների բակտերիալ վարակների հետ, ուստի այն անտեսելը կարող է շատ վտանգավոր լինել:
Մրգային քաղցր հոտ
Այս փոփոխությունը հուշում է շաքարային դիաբետի մասին: Այս դեպքում օրգանիզմը փորձում է մեզի միջոցով օրգանիզմից դուրս բերել ավելորդ շաքարը, ինչն էլ դառնում է նման հոտի պատճառ:
Պղպջակների առկայություն
Պղպջակներով պատված մեզը հուշում է միզապարկի ու աղիների միջև խուղակի (ֆիստուլա) առաջացման մասին: Նման խուղակներն առաջանում են բորբոքման հետևանքով: Երբեմն խուղակների առաջացմամբ են ուղեկցվում աղիների այնպիսի քրոնիկ բորբոքային հիվանդությունները, ինչպիսին են Կրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտը:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
