Georgian Airways-ը պատրաստվում է ՄԻԵԴ-ում ընդդեմ Ռուսաստանի դատական հայց ներկայացնել և 25 մլն դոլար փոխհատուցում պահանջել
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը պատրաստվում է ՄԻԵԴ-ում ընդդեմ ՌԴ տրանսպորտի նախարարության հայց ներկայացնել` թռիչքների «չհիմնավորված» դադարի համար, և 25 մլն դոլար փոխհատուցում պահանջել, գրում է РИА Новости-ն` հղում անելով ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարությանը:
Բոկերիան նշել է, որ թռիչքների դադարեցման գլխավոր պատճառը, ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության, ընկերության` 800 հազար դոլարի չափով պարտքը, ինչպես նաև ընկերության ավիացիոն անվտանգության ծրագրի որոշակի թերություններն են եղել:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Georgian Airways-ը ոչ մի պարտք չունի»,- ասել է Բոկերիան:
Նա նաև պնդել է, որ ընկերությունն անվտանգության ապահովման հետ կապված ոչ մի խնդիր չունի:
«ՌԴ տրանսպորտի նախարարության` թռիչքների դադարեցման վերաբերյալ որոշումն անօրինական է եղել, ինչի հետևանքով ընկերությունը ֆինանսական մեծ կորուստներ է ունեցել»,- հայտարարել է Ռոման Բոկերիան:
Georgian Airways-ը Ռուսաստանից 25 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջելու:
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ վրացական ավիաընկերությունների պարտքի չափը Ռուսաստանին կազմում է 1 միլիոն դոլար:
Վրաստանի մայրաքաղաքում հունիսի 20-ին սկիզբ առած բողոքի ցույցերի արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել` արգելելով ռուսական ավիաընկերությունների թռիչքը դեպի Վրաստան:
