Բացված քվեատուփերի հաշվարկով՝ Էրդողանը հավաքել է ձայների 54,26%-ը, նրա հիմնական մրցակից Քըլըչդարօղլուն՝ 39,75%-ը (թարմացվող)
Թարմացված (20։26)Ըստ հաշվարկների՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 54,26%-ը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 39,75%-ը։ Հաշվարկվել է ձայների 25,69 %-ը։
Թարմացված
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստանում է խորհրդարանում 600 մանդատներից 348-ը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 133։ Այս մասին կիրակի հայտնել է CNN Turk հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները՝ քվեատուփերի 15 տոկոսը բացելուց հետո։
Նախորդ
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի համաձայն՝ բացվել է քվեատուփերի 4%-ը։
Ըստ հաշվարկների՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 67,69%-ը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 30,03%-ը, մյուս թեկնածու Սինան Օգանը՝ 4,59%-ը։
Երկրում տեղի են ունեցել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիներն 9 ժամվա ընթացքում (8:00-ից 17:00-ն) ընտրել են նախագահին, ով ղեկավարելու է երկիրն առաջիկա հինգ տարիներին, խորհրդարանի 600 պատգամավորի։
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 81 մարզերում տեղադրվել է ավելի քան 190 հազար քվեատուփ։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 60 միլիոն 721 հազար 475 բնակիչ, որոնց մեծ մասը կանայք են՝ ավելի քան 30,7 միլիոն։ Արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ից մայիսի 9-ը, որին մասնակցել է ավելի քան 1,8 մլն քաղաքացի։
Նախագահի թեկնածուները երեքն են՝ գործող նախագահ 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակ թեկնածուն է Հանրապետական դաշինքից, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքից, իսկ 55-ամյա Սինան Օգան՝ «Աթա» դաշինքից։ Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հանել է իր թեկնածությունը ընտրություններից 3 օր առաջ։
Հանձնաժողովը խոստացել է նախնական արդյունքները հայտարարել գիշերը։ Եզրափակիչը պետք է հրապարակվի մայիսի 19-ին պաշտոնական տեղեկագրում։
Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 50 տոկոսը, ապա կանցկացվի 2-րդ փուլ։ Այն նախատեսված է մայիսի 28-ին։ Գլխավոր մրցակիցների՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի կողմնակիցները վստահություն են հայտնել, որ 2-րդ փուլի կարիք չի լինի։
