<<Արցախում ընթացող ՏԻՄ ընտրություններին մի քանի ահազանգ է եղել>>․ Արցախի ոստիկանապետ

«Արցախում ընթացող ՏԻՄ ընտրություններին մի քանի ահազանգ է եղել, բոլոր դեպքերով աշխատանք է տարվում»,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը:
«Անհանգստանալու առիթ առհասարակ չկա, եղել են մի քանի դեպք, որ դիմել են, բոլոր դեպքերով էլ աշխատանք են տանում, կլինի իրավական գնահատական։ Որ ասենք ինչ-որ արտառոց դեպքեր են ներկայացնում իրենցից այդ դիմածները, այդպես չէ»,- շարունակել է ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ Արցախում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 415 և համայքի ավագանու 2573 թեկնածուներ: Համայնքի ղեկավար են ընտրելու Ստեփանակերտում, Մարտակերտում, Հադրութում, Մարտունիում, Շուշիում, Քաշաթաղում, Ասկերանում, Շահումյանում:
