Մի իրի պատմություն. մայոնեզ

Մայոնեզի ստեղծման  մասին  մի քանի լեգենդ գոյություն ունի: Ըստ առաջին վարկածի՝ 1757թվականին Մաոն քաղաքում՝ Մենորկա կղզու մայրաքաղաքում, որը դարձել էր պայքարի  ասպարեզ, անցկացվում էին  զորավարժություններ: Քաղաք էին  մտել ֆրանսիական զորքերը՝  դուքս Ռիշելյեի  գլխավորությամբ:
Շուտով քաղաքի պարիսպներին էին  մոտենում  անգլիացիները և շրջապատում Մաոն քաղաքը՝ վերցնելով այն ամուր օղակի մեջ: Դուքսը քաղաքը հակառակորդին հանձնել չէր ցանկանում, սակայն սովն արդեն սպառնում էր Մաոնի բնակչությանը, պարենից  մնացել էին  միայն ձիթապտղի յուղը և հավկիթը: Ռիշելյեի շեֆ խոհարարը հնարամտությամբ ցանկանում է զարմացնել արիստոկրատին: Նա պատրաստում է  նոր նրբահամ ուտեստ. ձվի դեղնուցներին խառնում է շաքարը, այնուհետև  խառնուրդին ավելացնում է  ձիթայուղը, ստացվում է նոր սոուս: Նրա համը   դուքսի կողմից գնահատվում է արժանապատվորեն: Նոր սոուսին տրվում է «մաոնյան» անվանումը`  ի պատիվ պաշարված քաղաքի: Հետագայում  այն  անվանում են  մայոնեզ:
Ըստ երկրորդ վարկածի՝ մայոնեզի ստեղծման պատմությունը կապում են Լուի Կրիլոնսկու անվան հետ: Այդ զորահրամանատարը 1782  թվականին կարողանում է  հետ գրավել  անգլիացիներից Մենորկա  կղզու մայրաքաղաքը` Մաոնը: Սոուսի հայտնագործման  պատճառը այս անգամ դառնում է մթերքի  առատությունը: Հաղթանակի պատվին կազմակերպվում է  մեծ խնջույք, որի ժամանակ դուքսի հրամանով խոհարարի կողմից պատրաստվում է նորույթը՝ աննախադեպ սոուսը: Նրա պատրաստման համար  օգտագործել էին  հետևյալ մթերքները՝ ձու, շաքար, ձիթապտղի յուղ, աղ, կիտրոնի հյութ և կարմիր պղպեղ: Չի բացառվում, որ այդ սոուսը կարողանում էին  պատրաստել հին ժամանակներից ի վեր:
Անհիշելի ժամանակներիցՙ  հայտնի է, որ իր ծագումով մայոնեզը պարտական է ալի-օլի սոուսին (քերած սխտորը ձիթայուղի մեջ): Սակայն, որքան էլ վիճեն մայոնեզի ծագման  պատմության վերաբերյալ, այդ հիանալի, նախկինում բոլորին անհայտ սոուսը, սերտորեն  ամրագրվել էր  եվրոպական  արիստոկրատների ճաշացանկում հենց XVIII դարում` դառնալով  ցանկացած սառը նախուտեստի համար դասական սոուս:

Share This